Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Նախօրեին ոստիկանությունը հատուկ միջոցներով ցրել էր օրենքի դեմ բողոքի ակցիան և ձերբակալել տասնյակ ցուցարարների։ Ընդդիմախոսներից բացի հանրահավաք էին կազմակերպել նաև իշխանությունները և նրանց ջատագովները։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը շրջանառության մեջ դրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռ ապրիլի սկզբին։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնց շահույթի 20%-ից ավելին ապահովվում է արտասահմանյան ֆինանսավորմամբ, ըստ օրենքի, գրանցվելու են հատուկ ցուցակում։ Այժմ Վրաստանում կա շուրջ 25 հազար ՀԿ, որոնց ֆինանսավորման 90 տոկոսը դրսից է։ Օրենսդրական նախաձեռնության ընդդիմախոսները այն համարում են 2012 թվականին Ռուսաստանում ընդունված համանման օրենքի անալոգ։ Թեև այս նոր խմբագրությունից հանվեց «օտարեկյա գործակալ» տերմինը՝ ակտիվիստները շարունակում են օրենքը կոչել «ռուսական»։
Նախագծին կողմ էր քվեարկել 150 պատգամավորներից 83-ը՝ «Վրացական երազանքի» և նրա դաշնակից «Ժողովրդի ուժը» կուսակցության բոլոր պատգամավորները։ 23 պատգամավոր դեմ էր օրենքին։ Ընդդիմության մեծամասնությունը քվեարկությանը չէր մասնակցել։
Քվեարկությանը նախորդող մի քանի օրերի ընթացքում ինտենսիվ հանրահավաքներ եղան խորհրդարանի շենքի մոտ, ցույցերն ընթանում էին ուժայինների հետ բախումներով։ Մասնավորապես, ապրիլի 28-ին եղավ ընդդիմախոսների հերթական լայնամասշտաբ հանրահավաքը, իսկ հաջորդ օրը երեկոյան իշխող կուսակցությունը խորհրդարանի մոտ հավաքեց իր կողմնակիցներին, այդ թվում շրջաններից մարդկանց էր բերել, հայտնում է BBC-ն։ Եվրոպա ձգտող քաղաքային լիբերալների և Ռուսաստանում խոպանչի բարեկամներ ունեցող գյուղացիության բախումը կանխելու համար հանրահավաքների վայրերը փոխվել են։
Արդեն ապրիլի 30-ին «ռուսական օրենքի» ընդդիմախոսների ցույցը ոստիկանությունը ցրեց՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին մայիսի 1-ին քվեարկության էր եկել թևի և դեմքի վիրակապերով։ Նա պատմեց, որ նախորդ օրը ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, երբ փորձել է օգնել հատուկ նշանակության ջոկատի կողմից բերման ենթարկված երիտասարդին։
«Ծեծելու ընթացքում ինձ ասում էին՝ երկար լեզու ունես, անընդհատ քննադատում ես իշխանությանը, միգուցե կանգ առնես… Ասում էին՝ սպանե՛ք, հետո կասեք, որ գլխով է խփել։ Պահանջեցին՝ ասել, որ «չմո» եմ, և այդ դեպքում ինձ չեն ծեծի։ Բնականաբար, ես նրանց նման շքեղություն չեմ տվել, և երբ պատասխանեցի, ավելի շատ ստացա»,- ամբիոնից ասել է Խաբեիշվիլին։
Օրենքի քվեարկության օրը խորհրդարանի մոտ ոստիկաններն ավելի քիչ էին, իսկ ցուցարարները՝ շատ։ Նրանք պատրաստված էին ոստիկանների հետ բախումներին՝ դիմակներ և ակնոցներ էին կրում։
Հանրահավաքի ընթացքում մի խումբ ցուցարարներ փորձել են բացել խորհրդարանի բակ տանող դարպասը, որից հետո ներսի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել նրանց հանդեպ, հոսպիտալացվել է ութ ցուցարար։
#Tbilisi now, the battle between protesters and special forces at the parliament continues. #NoToRussianLaw No to the Russian foreign agents law! #TbilisiProtests pic.twitter.com/SaQMcxoLaf
— JAMnews (@JAMnewsCaucasus) May 1, 2024
Ավելի ուշ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատգամավորների անվտանգ ելքն ապահովելու համար ազատել է խորհրդարանի շրջակայքը և կոչ է արել խուսափել բռնությունից։
Օրենքը վերջնականապես ընդունելու համար դեռ սպասվում է երրորդ ընթերցումը, որը նախատեսվում է մայիսի 17-ին։ Այնուհետև, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես և խոստացել էր, օրենքի վրա վետո կդնի և կվերադարձնի խորհրդարան։ Իշխող կուսակցությունն, այնուամենայնիվ, խորհրդարանում ունի բավականաչափ ձայն՝ վետոն հաղթահարելու համար։
Օրենքի նախագիծը նախնական տարբերակը հեղինակել էին «Վրացական երազանք» հետ դաշնակցող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորները։ «Վրացական երազանքը» աջակցել էր նախաձեռնությանը։ 2023-ի մարտին այն խորհրդարանի օրակարգ էր բերվել և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Զանգվածային բողոքի ցույցերից հետո իշխանությունները նահանջել և հետ էին կանչել օրենքի նախագիծը։ Ապիլին այն կրկին օրակարգ էր բերվել։