Home / Ազգային ժողով / Վրաստանը հարկային համաներում է հայտարարել օֆշորային ընկերությունների համար

Վրաստանը հարկային համաներում է հայտարարել օֆշորային ընկերությունների համար

Վրաստանի խորհրդարանը երրորդ վերջնական ընթերցմամբ հաստատել է Հարկային օրենսդրության փոփոխությունների նախագիծը, որը համաներում էր սահմանում օֆշորային ձեռնարկությունների ակտիվներից դեպի Վրաստան դրամական փոխանցումների համար։ Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրելուց հետո։

Նախագիծն ընդունվել է արագացված կարգով։ Նոր փոփոխությունների համաձայն, օֆշորներից դեպի Վրաստան դրամական փոխանցումների դեպքում եկամտահարկը չի գործի։ Գույք տեղափոխելու դեպքում կչեղարկվի ներմուծման տուրքը։ 

Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ օրենսդրական այսպիսի նախաձեռնությունն ընդունվել է ի շահ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի։ Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ այսպիսով իշխանությունները պատրաստվում են Իվանիշվիլիի դեմ սպասվող միջազգային պատժամիջոցներին։ Նախկին վարչապետը Վրաստանում իր բիզնես գործունեությունն իրականացնում է օֆշորային ակտիվների միջոցով։ Օֆշորային տարածքներում են գրանցված նրան պատկանող «Կարտու բանկը», «Տուրիզմի զարգացման հիմնադրամն» ու «Համաներդրումային հիմնադրամը»։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրադարանն ապրիլի սկզբին արագացված կարգով չեղարկել էր կանանց համար նախատեսված քաղաքական քվոտաները. պառլամենտական ընտրությունների՝ կուսակցական ցուցակների ձևավորման փուլում կին թեկնածուների համար «արտոնություններ» այլևս չեն գործի։ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի լսումները շարունակվում են, իսկ «ԼԳԲՏ պրոպագանդան» արգելող օրենքը գտնվում է համապատասխան հանձնաժողովի կողմից քննարկման փուլում։