Վրաստանի խորհրադարանը չեղարկել է կանանց համար նախատեսված քաղաքական քվոտաները։ Պառլամենտական ընտրությունների՝ կուսակցական ցուցակների ձևավորման փուլում կին թեկնածուների համար «արտոնություններ» այլևս չեն գործի։ Օրինագիծն ընդունվել է ապրիլի 4-ին՝ արագացված կարգով, 85 կողմ, 22 դեմ ձայներով։
Իրավապաշտպանների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների մեծ մասի կարծիքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսպիսով փորձում է խորհրդարանում տեղեր ազատել իր թեկնածուների, մասնավորապես՝ կուսակցական օլիգարխների համար։ «Բարեփոխման» կողմնակիցները սա մեկնաբանում են որպես «քաղաքացիական հասարակության զարգացման հետևանք»։ Ընդդիմությունը օրենսդրական այս նորամուծությունը դիտարկում է իշխող կուսակցության՝ վերջին շրջանի ցուցադրական պահպանողականության կոնտեքստում․ «Վրացական երազանքը», երկրորդելով ռուսական օրենսդիրներին, հիմա «ԼԳԲՏ քարոզչությունն» է փորձում արգելել, զուգահեռաբար վերակենդանացնելով նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, որը հետ էր կանչվել անցած տարվա զանգվածային ցույցերից և բախումներից հետո։
25% գենդերային քվոտան Վրաստանում գործում է դեռ 2019 թվականից։ Սա նշանակում է, որ կուսակցական ցուցակների ամեն չորրորդ թեկնածուն պետք է կին լինի (2032 թվականից նախատեսվում էր դարձնել ամեն երրորդը)։ Վրաստանի ներկայիս օրենսդրությամբ, սակայն, ինքնաբացարկ ներկայացրած կին թեկնածուներին փոխարինում են ցուցակում ներկայացված հաջորդող համարները՝ որպես կանոն, տղամարդիկ։ Արդյունքում խորհրդարան անցած պատգամավորների կազմում կանանց ներկայացվածությունը կարող է 25%-ից էլ քիչ լինել։ Այժմ Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից միայն 27-ն են կանայք։
Հայաստանում, ի դեպ, այս լծակն արդեն վերացվել է։ Փոքրամասնական սեռի համար սահմանված է 30 տոկոսանոց քվոտա, եթե կին թեկնածուն հրաժարվում է մանդատից, նրան կարող է փոխարինել միայն այլ կին թեկնածու։
Օրինագիծը նախաձեռնել է ազատական «Գիրչի» կուսակցությունը, որը «պոզիտիվ խտրականության» ցանկացած ձև համարում է «գենդերային հավասարության խախտում»։ Խմբակցության խորհրդարանական ղեկավարը նշել է, որ «կանայք և տղամարդիկ բացարձակապես հավասար են, և կանայք նման արհեստական արտոնությունների կարիքը չունեն»։
«Վրացական երազանքը» անսպասելիորեն հավանություն է տվել ընդդիմության նախաձեռնությանը, փոխարենը «Գիրչին» խոստացել է աջակցել իշխող կուսակցության թեկնածուին՝ ԿԸՀ ղեկավարի ընտրության ժամանակ։
Ապրիլի 3-ին՝ օրինագծի քննարկման ընթացքում, «Վրացական երազանքի» պատգամավոր Բեկա Օդիշարիան կին պատգամավորներին անվանել է «չք*նված կնանոց նախիր»։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել «էմոցիաներին տրվելու» համար և նշել, որ այդ արտահայտությունը ոչ մի կապ չունի քվոտաների նախագծի հետ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ երկրում գենդերային հավասարության բացակայության ապացույց է այն, որ իշխանություններն այդպես էլ չեն լուծել խորհրդարանում կանանց թիվը մեծացնելու խնդիրը։ Քվոտաների վերացման դեմ են արտահայտվել նաև ընդդիմադիր կին խորհրդարանականները, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վրացական կազմակերպությունները և երկրի օմբուդսմենը։ «Կանանց շարժումը» նշել է, որ քվոտաների շնորհիվ վրացական քաղաքականության մեջ կանանց թիվը 14%-ից հասել է 20%-ի։
«Մենք չեղարկում ենք արտոնությունները, դա չի կարող որպես կանանց դեմ պայքար որակվել», – հայտարարել է օրենսդրական նախագծի հեղինակներից Ալեքսանդր Ռակվիաշվիլին։ Քվոտաները հեռացնելուց բացի նաև փոփոխություններ են արվել «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին» օրենքում։ Կուսակցություններն այսուհետ լրացուցիչ ֆինանսավորում չեն ստանա պատգամավորական ցուցակներում կանանց ներառելու համար։
2024 թվականից Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անց են կացվելու բացառապես համամասնական կարգով, այսինքն ըստ կուսակցական ցուցակների։