Գալիք տարվանից Վրաստանում ներմուծվելու է դեղամիջոցների ռեֆերենտային գնագոյացման համակարգ․ պետությունը գնային «առաստաղ» է սահմանելու երկրում վաճառվող բոլոր դեղերի համար։
Դեղամիջոցը սահմանված առավելագույն գնից թանկ վաճառելու համար դեղագործական ընկերությունները և դեղատները պատժվելու են։
2023 թվականի հունվարից սահմանափակումները տարածվելու են քրոնիկ և օնկոլոգիական հիվանդությունների դեպքում նշանակվող դեղամիջոցների վրա։ Տարվա երկրորդ եռամսյակից դրանք կտարածվեն բոլոր դեղատոմսային, մինչև տարեվերջ՝ առհասարակ բոլոր դեղամիջոցների վրա։
«Առաջին խախտման համար նախատեսված է նախազգուշացում։ Կրկնության դեպքում՝ տուգանք՝ 5 հազարից 45 հազար լարիի (2-15 հազար դոլար) չափով։ Պատժվելու են ինչպես մանրածախ առևտրով զբաղվող դեղատնային ցանցերը, այնպես էլ դիստիբյուտորները և մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները», – ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Ազարաշվիլիի խոսքով՝ նախարարությունն այժմ իդենտիֆիկացնում է այն երկրները, որոնց գնային քաղաքականության հիման վրա սահմանվելու է դեղամիջոցների վաճառքի առավելագույն գինը։ Ըստ նրա, 4-5 երկիր է ընտրվելու։
Պաշտոնյաների նախնական հաշվարկների համաձայն, համակարգի ներդրումից հետո դեղերի գինը կիջնի միջինում 40 տոկոսով։
Jam-news-ի տվյալներով, Վրաստանում դեղերի գները ամենաբարձրներից են տարածաշրջանում։ Sputnik-ը գրում էր, որ վրացիներից շատեր համավարակից առաջ և ընթացքում ստիպված էին դեղեր գնել Թուրքիայում․ վրացական գները մի քանի անգամ գերազանցում էին թուրքականը։
Ըստ Euronews-ի, տարեսկզբին Վրաստանի կառավարությունը խոստացել էր՝ շուրջ 200 դեղերի գները կիջնեն։ Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի նախաձեռնությամբ բանակցություններ էին սկսվել թուրքական արտադրողների և ներմուծողների հետ: Նշվում էր, որ միջազգային GMP-ստանդարտին համապատասխանող թուրքական դեղերը 2-3 անգամ ավելի էժան են, քան այն, ինչ վաճառվում է Վրաստանի դեղատներում։