Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, այսօր առավոտից դուրս են եկել փողոցային առևտրականների դեմ ռեյդի։ Կենտրոնի Մաշտոց, Տիգրան Մեծ պողոտաների, Նար-Դոս փողոցի մայթերին բանջարեղեն, կանաչիներ վաճառողների ապրանքը առգրավվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Քաղաքապետարանից նաև տեղեկացրել են, որ ապօրինի առևտուր անելու համար մարդիկ կտուգանվեն, իսկ տուգանքի չափն իմանալու համար պետք է մոտենան քաղաքապետարան։ Ապրանքը վաճառականներին հետ չի վերադարձվել։
Մաշտոցի վրա՝ Փակ Շուկայի դիմաց կանաչիներ վաճառող Կարինե Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը 90-ակականներից բանջարեղեն է վաճառել շուկայի ներսում՝ մինչ դրա Yerevan City սուպերմարկետ դառնալը։ Քաղաքապետարանին խնդրել են թույլ տալ աշխատել անցումներում՝ տեղի վարձի դիմաց, չեն համաձայնվել։ Կանանցից մեկն էլ նշում է՝ ինքն է հավաքում սեզոնային կանաչիներ և առևտրի միջոցով փորձում է մինիմալ ծախսեր հոգալ։
Քաղաքապետարանի աշխատակիցը հորդորում է վաճառականներին աշխատել Երևանի 20 շուկաներից մեկում։
«Ուզում են հարկել մարդկանց, տեղի փող ու եկամտահարկ գանձել, բայց մի քանի սեզոնային խոտ, կանաչի վաճառողի համար դա հարմար չէ»,- ասում է վաճառական Գեղամը, ով մսի պասաժ ունի Խորենացի փողոցի վրա։
Առևտրականները հավաքված լրագրողներին ասում էին, որ սա իրենց ապրելու միակ միջոցն է, հորդորում էին ոստիկաններին գնալ սահմանը պահել։ Փողոցի օրինական խանութների տերերը կողմ էին կոնկուրետների վերացմանը․ ասում էին, որ փողոցի առևտրականները չարաշահում են ալկոհոլը։
տե՛ս
Օրվա հացի համար փողոցային առևտրով զբաղվողների ապրանքները կառգրավվեն
Փակում են Կոմիտասի շուկան, ուր «քշում էին փողոցային առևտուրը»