Home / Հայաստան / Փակում են Կոմիտասի շուկան, ուր «քշում էին փողոցային առևտուրը»

Փակում են Կոմիտասի շուկան, ուր «քշում էին փողոցային առևտուրը»

Կոմիտասի շուկան որոշել են փակել, առևտրականներին վտարում են տարածքից։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, շենքը գնել է «GTB Holding»-ը, որը հայտնի է Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցմամբ։ Վաճառականների տվյալներով, ընկերությունը պատկանում է երիտասարդ գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, որը «բիզնեսներ ունի նաև Ամերիկայում»։

Առևտրականներին մարտի 8-ի նախօրեին էին զգուշացրել՝ պետք է անհապաղ ազատեն տարածքը։ Հետո ժամանակ են տվել մինչև ապրիլի 15-ը։ Ոչ ոք չգիտի՝ ուր է գնալու, ուր է տանելու իր ապրանքը։

«Շուկաները փակում են, որ սուպերմարկետներ բացեն։ Ի՞նչ իրավունքով։ Փողոցային առևտուրն արգելեցին, ասեցին՝ գնացեք շուկայում աշխատեք։ Բայց քաղաքում շուկա չի լինելու շուտով։ Իրենք մենակ արգելելով ու փակելով են զբաղված», – Epress.am-ին ասում է վաճառողուհիներից մեկը։

Առևտրականները նախկին սեփականատերերին օրվա վճար էին տալիս՝ մոտ 3 հազար դրամ։ Սրա հաշվին կարողանում էին ապրանքը համեմատաբար էժան վաճառել։ Սեփական խանութ բացելու հնարավորություն իրենցից ոչ ոք չունի։ 

«Ես շուկայում եմ առևտուր անում, – մեր զրույցին միջամտում է տարեց հաճախորդը․ – Չենք կարա սնունդ չառնենք, չէ՞։ Եթե էտ փողը մեկ ա պետք ա տանք, ուզում եմ տալ ոչ թե Լֆիկին, այլ իմ պես մարդկանց»։

Խոշոր բիզնեսը մանր առևտրականներին առանց այն էլ լուսանցք է մղել, հիմա լրիվ են օդերը փակում։ «Իշխանությունները հարուստների կողմից են, նրանք մեզ չեն պաշտպանում։ Նրանք ուզում են, որ սուպերմարկետ լինի, նրանք բազար չեն ուզում», – ասում է առևտրական կինը։

Կոմիտասի շուկայում, ըստ նրա, մոտ 70 մարդ է աշխատում, շատերը տասնամյակներով այստեղ են․ «Ամեն մեկս մեր մշտական հաճախորդներն ունենք։ Սա ծանր աշխատանք է, հեշտ բան չէ։ Մի մասը գյուղից է ապրանք բերում, մի մասս վերավաճառողներ ենք։ Ամբողջ օրն աշխատում ենք, որ երկու կոպեկ վաստակենք, մեր ընտանիքներին պահենք։ Ի՞նչ ենք հիմա անելու։ Փողոցում կանգնել ծախելն էլ են արգելել»։

Իշխանությունները նրանց ոչ մի այլընտրանք չեն առաջարկում։ Սկզբից մարդիկ մտածում էին՝ տարածքը վաճառել են, ուրեմն օրավարձի գները կբարձրացնեն։ Արդյունքն ավելի վատը եղավ։

Աշխատողները դիմում են գրել համայնքապետարանին, ստորագրահավաք են սկսել։

Որոշները պահանջում են իրենց մինչև տարեվերջ ժամանակ տալ՝ որևէ այլընտրանք գտնելու համար։ Որոշները այլընտրանք են պահանջում։ Շատերը պահեստավորված ապրանք ունեն, մինչև ապրիլի 15-ը նույնիսկ այդ ապրանքն իրացնել չեն հասցնի։

«Ո՞ւր ենք գնալու։ Ոչ մեկս էլ այս շուկայից դուրս չենք գալու։ Թող գան՝ հանեն։ Պայքարելու ենք մինչև վերջ», – ասում է առևտրական կանանցից մյուսը։

Մարդիկ հիշում են Փակ շուկայի օրինակը։ Տարինար առաջ Կենտրոնի հիմնական բազարը գնեց օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ)՝ «Երևանի Սիթի» սուպերմարկետի նոր մասնաճյուղ բացելու համար։ Բողոքի ցույցերն ու բոյկոտի արշավն էլ չկարողացան կասեցնել գործընթացը։ Հետո քաղաքային իշխանություններն ընկան փողոցում մանրածախ առևտրող զբաղվողների հետևից։ Հիմա հերթը Կոմիտասի շուկայինն է։

տե՛ս

Օրվա հացի համար փողոցային առևտրով զբաղվողների ապրանքները կառգրավվեն

Շեյթան բազար