Ֆիրդուսի փողոցի տների բակերում գտնվող բացօթյա տոնավաճառի մոտ 50 աշխատողներ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ խնդրելով իրենց չստիպել շուկան ազատել 1 շաբաթվա ընթացքում։ Վերջերս նման որոշում էր կայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում պետք է շինարարություն սկսվի։
«Տարոնը, 5-10 հազար բաժանելով, ընտրվեց, հիմա մեզ փողո՞ց է քցում»,֊ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
«Ընտրություններից առաջ ասում է՝ ավելի բարեկարգ Երևան, ավելի ապահով երկիր։ Այսուհետև թող ընտրություններից առաջ մեզ մոտ չգան․․»,֊ նշել է մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից։
Ակցիայի ընթացքում Ֆիրդուսի տոնվաճառի առևտրականները խնդրում էին իրենց ճիշտ հասկանալ․ «խնդրում են», ոչ թե «պահանջում»՝ բացատրելով․ «Մենք վարկեր են վերցրել, ապրանք ենք գնել, խնդրում ենք՝ Կառավարությունից կլինի, Քաղաքապետարանից կլինի, թողնեն մեզ մինչև դեկտեմբերի 31-ն աշխատել, մենք էլ ենք մարդ, իրացնենք մեր ապրանքը, փակենք մի քիչ մեր վարկերը, կփնտրենք այլ տեղ»։
Առևտրականների հետ այսօր բողոքում էին նաև Ֆիրդուսի տների սեփականատերերը։ «Էս մարդկանց մենք տեսնում ենք՝ ինչքան են չարչարվել, մենք բոլորս գիտենք՝ինչ ձմեռ ենք էս տարի անցկացրել։ Կանգնել են ցրտին, իմանալով, որ իրենց տանը երեխաներ կան, ծերեր կան, պետք է պահեն»,֊ ասել է շուկային կից տներից մեկի բնակիչը։
Բողոքի մասնակիցները վստահ են, որ քաղաքային իշխանությունները կարող են իրենց ժամանակ տալ, եթե ունեն ըմբռնում ու ցանկություն։
Շինարարությունը մի օրվա բան չի, որ սկսվի։ էս մարդիկ՝ տների սեփականատերերը, կառուցապատողի հետ դեռ պայմանագիր անգամ չեն կապել։ Եթե կապեն էլ, իրենց ժամանակ պետք է տրվի այլ տուն փնտրել գնելու համար։ Գուցե պայմանագիր կապեն, դեռ մի տարի էլ ոչինչ չկառուցվի։ Ինչո՞ւ այդ դեպքում մեզ հենց հիմա պետք է հանել տոնավաճառից», ֊ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Բողոքողներից մեկը մեզ հայտնել է, որ Տարոն Մարգարյանի օգնականը, դուրս գալով Կառավարության նիստից, ասել է՝ առևտրականներին կընդունեն Քաղաքապետարանում և կլսեն նրանց։ Վաղը 5 հոգանոց պատվիրակություն պետք է գնա քաղաքապետարան՝ ներկայացնելու խնդիրը։