Home / Շուկա / «Միանանք էդ սոված մարդկա՞նց»․ ինչու Ֆիրդուսի տոնավաճառի աշխատողները չեն ուզում այլ տեղ գնալ

«Միանանք էդ սոված մարդկա՞նց»․ ինչու Ֆիրդուսի տոնավաճառի աշխատողները չեն ուզում այլ տեղ գնալ

Երևանի քաղաքապետը, շրջանցելով ավագանու նիստը, որոշում է կայացրել, համաձայն որի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի աշխատողները պետք է լքեն տարածքը։ Սա առևտրականների համար անսպասելի չէր։ Ֆիրդուսի շուկայի վերացման մասին խոսակցությունները սկսվել են մոտ 7 տարի առաջ, երբ իշխանությունները վերացրել են Կոմիտասի, Տիգրան Մեծի մանրածախ փողոցային առևտուրը՝ հիմնավորելով, որ առևտրականները քցում են «քաղաքի տեսքը»։ Տոնավաճարի աշխատողների անսպասելին այն է, որ իրենց հեռանալու համար քաղաքապետարանը տվել է ընդամենը 1 շաբաթ ժամանակ։ Շուկայի աշխատակիցները խնդրում են, որ իրենց գոնե մինչև դեկտեմբեր ժամանակ տրվի։ Առևտրականները նշում են, որ իրենց գործերն առանց այն էլ վատ են, և բոլորը սպասում են օգոստոսին, միակ ամսին, երբ ուսումնական տարվան ընդառաջ «մի քիչ շարժ է լինում»։

Քաղաքապետարանը խոստացել է, որ 200 աշխատակիցներին էլ «կտեղավորեն» այլ առևտրի շուկաներում, մասնավորապես, գործարար Խաչատուր Սուքիասյանի հիմնած «Երևան» տոնավաճառում, և Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում»։ Այդ տոնավաճառներ տեղափոխվել ֆիդուսիի առևտրականների համար օրվա հացից զրկվել է նշանակում, քանի որ նշված տոնավաճառներում «տեղի փողը» թանկ է, առևտուրն էլ վատ։

«Մենք այստեղ երկու քառակուսի մետրի համար վճարում ենք 50 հազար դրամ, այդ տոնավաճառներում վարձը ամեն տաղավարի համար 200 հազարից բարձր է։ Բացի դա, տաղավարները մեծ են։ Մենք ունենք մի սեղանի ապրանք, այդքան մեծ տարածք չենք կարող պահել։ Մեզնից եղել են մարդիկ, որ գնացել են «Երևան» տոնավաճառ, բողոքում են, այնտեղ ընդհանրապես առևտուր չկա։ 200 ընտանիք սոված է, մենք էլ գնանք միանաք էդ սոված մարդկա՞նց։ Շատերը ընդհանրապես կդադարեն աշխատել, ոչ թե կընդունեն տեղափոխվելու առաջարկը․․.», ֊ ասել է առևտրականներից մեկը։

Մեր զրուցակիցներն ասում են, որ իրենք մուծում են հարկեր, վճարներ կատարում կուտակային կենսաթոշակի ֆոնդին, 1000 դրամ էլ՝ բանակի ֆոնդին, իրենց շահույթ մնում է զուտ հացի փող։

Քաղաքապետարանից այսօր առավոտյան տոնավաճառ եկած պաշտոնյան իրենց որոշումը հիմնավորելով ասել է, որ նռանք տեղի գումար տարիներ շարունակ չեն վճարել քաղաքի բյուջե։ Առևտրականները զայրացել են, սակայն չեն կարողացել հակառակն ապացուցել․ իրենցից ոչ ոք չգիտի՝ ում են վճարում «տեղի փողը»։ Ոմանք ասացին, որ տարածքն ունի տեր կամ տերեր, որոնք էլ ունեն իրենց «տղաները»։ Վերջիններս գալիս են, ամեն ամիս գումար են հավաքում։ Ոչ տեղի տերերի, ոչ գումար հավաքողների անունները, հեռախոսահամարները տոնավաճարի աշխատողները չգիտեն։

Նշենք, որ դեռ 2007 թվականին այս տարածքը Կառավարության կողմից ճանաչվել է «հանրային գերակա շահ»․ մի որոշում, որի պատճառով Հայաստանը բազմաթիվ դատական գործերում պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագրեր է կապել Ֆիրդուսի շուկայի հարևանությամբ գտնվող տների բնակիչների հետ։ Սեփականատերերը փոխհատուցում չեն ստացել, նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում Կառավարության շենքի մոտ, իսկ անցյալ շաբաթ՝ Սերժ Սարգսյանի տան մոտ։

«Քանդված շենքի գաջը երևում ա, երկու սյուներով, դա իմ բնակարանն ա։ Այստեղ ապրում էր Բադալյան Ալբերտը՝ պայմանագիրը ձեռքը մահացավ, Զոհրաբյան Նելլին, Զոհրաբյան Մուկուչը։ Հիմքը փորեցին, դա թողեցին, մի տաս մետր դեպի աջ՝ երկորդ հիմքը փորեցին։ Հիմա շինարարությունը դադարեցրեցին, կռանը հանեցին․.․»,֊ դեռ 2015 թվականին մեզ պատմել է Ֆիրդուսիի բնակիչներից մեկը։

Ինչ է կառուցվելու տոնավաճառի տեղը, առևտրականները հստակ չգիտեն։ Միայն գիտեն, որ տոնավաճառը գտնվում է մետրոյի ուղու վրա, ոչ հեռու ջրային ռեսուսներից, ուստի այդտեղ բարձրահարկ կառուցել անհնար է։

«Գուցե դրա համար էլ «Գլենդել հիլզը» դադարեցրել է շինարարությունը մեր հարևանությամբ։ Մենք գիտենք, որ այստեղ զվարճանքների գոտի է ստեղծվելու, իսկ գետնի տակ՝ խանութներ։ Դա գիտենք, քանի որ «Գլենդել հիլզ» ընկերության հետ պայմանագիր կնքած բնակչներից մեկն իր պայմանագրով նաև տաղավար է ստանալու այս նոր ժամանցային գոտում»,֊ ասել է առևտրականներից մեկը։