Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 21-ին կայացրած վճռով պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը 3000 եվրո վճարել ՀՀ քաղաքացի Վարյա Սաֆարյանին՝ վերջինիս սեփականության իրավունքը խախտելու համար։
Վարյա Սաֆարյանը 2004 թվականին դիմել էր Նոտարական գրասենյակ Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի շուկայի հարևանությամբ գտնվող իր 800 քառակուսի մետը տարածքը 4 երեխաներին կտակելու նպատակով։ Սակայն նոտարական գրասենյակը մերժել էր դիմումը՝ վկայակոչելով 2002 թվականի ՀՀ Կառավարության որոշումը, որի համաձայն Կենտրոնի որոշ տարածքներ, այդ թվում՝ Սաֆարյանինը, համարվել են բացառիկ հանրային գերակա շահ։
Սաֆարյանն իր սեփականության իրավունքը խախտելու համար դիմել էր ՄԻԵԴ, որն ի օգուտ քաղաքացու վճիռ է կայացրել և բարոյական վնասի համար 3000 եվրո փոխհատուցում հատկացրել։
Epress.am֊ի հետ զրույցում Վարյա Սաֆարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ այժմ իրենք սպասում են հետագա զարգացումներին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի 3 ամսվա ընթացքում բողոքարկել որոշումը․ «Չբողոքարկելու դեպքում վճիռը Հայաստանի Հանրապետության համար դառնում է պարտադիր և վերջինս 3 ամսվա ընթացքում պարտավորվում է կատարել այն»։
Ալումյանն ընդգծել է, որ իրենք հայցադիմումում որպես բարոյական փոխհատուցում 4000 եվրո գումար էին պահանջել։