Home / Շուկա / Ում է խանգարում Wildberries-ը

Ում է խանգարում Wildberries-ը

Հայաստանցի տնտեսվարողների «Stop Wildberries Armenia» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ռուսական Վայլդբերրիզ օնլայն խանութների գործունեությունը։ 

Սեպտեմբերի 7-ի առավոտյան առևտրականները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք պնդում են, որ Վայլդբերրիզի համար Հայաստանում այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ տեղական արտադրողները և սպառողները, մրցակցությանը չդիմանալով, տակ են տալիս և փակվում։

«Ապրանքը բերում ենք, 13 դոլարով մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ փակեն Վայլդբերրիզը, միաժամանակ՝ նաև Օզոնը։ Մենք մի անգամ խաբվել ենք «Յանդեքս» տաքսու դեպքում։ Երբ որ մենք՝ հայաստանցի տնտեսվարողներս փակվենք, Վայլդբերրիզը 4000 դրամանոց կոշիկը սկսելու է 12 000 դրամով վաճառել», – ասել է նախաձեռնության անդամներից Արման Թումասյանը, որը առաջ հագուստի և կոշիկի օնլայն վաճառքով էր զբաղվում։

Վայլդբերրիզ էլեկտրոնային առևտրի հարթակում ներկայացված ապրանքները, ըստ նրա, զգալիորեն ավելի էժան են վաճառվում, քան տեղական տնտեսվարողների խանութներում, քանի որ որպես կանոն չեն մաքսազերծվում։ Բնականաբար սպառողները նախընտրում են ավել չվճարել։

Տեղացիները, ըստ նրա, անբարենպաստ պայմաններում են հայտնվել ոչ միայն մաքսատուրքերը, այլև հարկերի պատճառով։ Ցույցի մասնակիցներից որոշները պնդում էին, որ օնլայն առևտուր իրականացնող գիգանտները հարկեր չեն վճարում Հայաստանի պետբյուջե, քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն։

Էկոնոմիկայի նախարարը հակադարձում էր՝ հարկեր չվճարելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

«Երբ Հայաստանի սպառողն ապրանք է գնում Վայլդբերրիզից, ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան։ Այսինքն՝ Վայլդբերրիզը հենց Հայաստանում վճարում է ավելացված արժեքի հարկ՝ մի բան, որ հայաստանցի փոքր և միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջանառության հարկի սահմանաչափով։ Կարելի է նույնիսկ հակառակն ասել՝ Վայլդբերրիզը ավելի շատ հարկ է վճարում, քան տեղական փոքր և միջին ձեռնարկությունները։ 

Գնային տարբերության հարցը արդեն տասնյակ տարիներ քննարկում ենք՝ մեր իսկ սուպերմարկետները ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքը։ Դա նոր բան չէ և պայմանավորված է շրջանառության մասշտաբներով», – նշում էր Վահան Քերոբյանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը պարզաբանում էր՝ նախկինում Վալդբերիզը իրոք ազատված էր ԱԱՀ վճարելու պարտականությունից, այս տարվամիվ սկսած ընկերությունը ԱԱՀ-ն վճարում է Հայաստանում։

Անցած տարի ընդունված օրենքի համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործում է ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը, այսինքն՝ այս տարվանից առաջ Վայլդբերրիզը հայ սպառողին ապրանք մատակարարելիս Հայաստանում ԱԱՀ չէր վճարում, բայց 2023-ի տարեսկզբից՝ վճարում է։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է։

Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, Ռուստամ Բադալյկանի խոսքով՝ «մաքսային արժեքը որոշելու հստակ կանոններ կան», Վայլդբերրիզն այստեղ հատուկ արտոնություն չունի։

Առևտրականները այս պնդման հետ համաձայն չեն։ Ասում են՝ Վայլդբերրիզի գայթակղիչ ցածր գները և նրա համար սահմանված ցածր մաքսատուրքերն են մեղավոր, որ տեղական միջին և մանր բիզնեսը սնանկանում է, մարդիկ մնում են առանց աշխատանքի, բյուջեն՝ առանց դիվերսիֆիկացված հարկերի։ Կա՛մ Վայլդբերրիզը պետք է փակվի, կա՛մ նրա համար մաքսատուրքերը պետք է բարձրացվեն, կամ մանր-միջին առևտրականների համար մաքսազերծման գները պետք է այնքան իջեցնեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել։

«Վայլդբերրիզի գումարը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները Հայաստանն են պահում», «Վերջին ամիսներին ընդհանրապես առևտուր չենք կարողանում անել», «Սա նոր «Յանդեքս» է դարձել՝ մտնում են, կոպեկներով վաճառում, մնացածին մեջտեղից հանում, հետո եռակի բարձրացնում գները», – կրկնում էին ակցիայի մասնակիցները։

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018 թվականի օգոստոսին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ 

Տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) «Վայլդբերիզը» Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերն աճել են 16 անգամ (2022-ի առաջին կիսամյակում «Վայլդբերրիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների կազմում զբաղեցրել է 403-րդ տեղը՝ 295 մլն դրամ հարկերով)։

Ամսվա սկզբին Հայաստանի ՊԵԿ-ից հայտարարել էին՝ «Վայլդբերրիզի» մոտ ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր։ Ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ՝ հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ մոտ 3․6 մլն դրամ հարկային պարտավորություն, որից ավելի քան 1․7 մլն դրամ՝ տույժեր և տուգանքներ։

Ընկերությունից պարզաբանել են՝ հայաստանցի օգտատերերը հավելվածում լծակ էին գտել, որի միջոցով կարողանում էին ապրանքներ պատվիրել ռուսական հավելվածում առկա ցածր գներով։ Տեխնիկական խնդիրը, ըստ Վայդբերրիզի, արդեն վերացվել է։

լուսանկարը՝ Sputnik Արմենիայի