Մանրածախ առևտրով զբաղվող ձեռներեցներն այսօր առավոտյան հավաքվել են Ազգային ժողովի դիմաց` բողոքելով հարկային ծառայողների անօրեն գործողությունների դեմ։ Բողոքի ակցիայից բացի, առևտրականներն ավելի վաղ անցկացված ստորագրահավաքով նամակներ էին ուղարկել ԱԺ պատգմավորներին։
«Մեզնից շատերը, եթե ոչ բոլորը, ունեն վարկեր, ունեն գրավադրված բնակարաններ։ Երբ պետությունը նեկայացնող ՊԵԿ աշխատակիցը կարող է իրեն թույլ տալ պաշտոնի չարաշահում, և ոչ մի պատշաճ վերաբերմունք շուկայի աշխատակցի հանդեպ, նշանակում է՝ նրան տրվել է նման լիազորություններ, առանց ահազանգի, կարող են մտնել առևտրի տաղավար, տեռորի ենթարկել խաղաղ պայմաններում աշխատող մարդկանց։ Խնդրում եմ՝ ուշադրություն դարձնել, երբ Պարոն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, սկսեց ասել այսպիսի արտահայտություններ․ «Կոշտ ու կոպիտ և ցավեցնող քաղաքականություն»։ ՊԵԿ աշխատակիցներն էլ օգտվելով առիթից, սկսեցին բացահայտ տեռոր և ոտնձգություններ փոքր և միջին առևտրով զբաղվող մարդկանց հանդեպ», մասնավորապես, ասվում է նրանց նամակի մեջ։
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նիստին դատապարտել է առևտրականների նկատմամբ հարկային տեսուչների կոշտ ու անհարգալից վերաբերմունքը, որն արվում է ստվերը բացահայտելու պատրվակով։
«Առաջին տեղը, որ հարկային ծառայությունները պետք է ստուգեն, դա գազամատակարարման, գազաբաշխման համակարգն է, որտեղ 7-8%-ից կորուստները չեն իջնում, և «Գազպրոմը» ներդրումներ չի կատարում այդ կորուստներն իջեցնելու համար։ Դա տարեկան 150 միլիոն խորանարդ մետր գազ է կամ 55 միլիոն դոլար։ Թող գնան գազի կալորեականությունը ստուգեն, որ մարդիկ էսօր տներում սառում են», – ասել է Մելքումյանը։
Քննադատությանը միացել է նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Այն, ինչ կատարվում է մանր և միջին առևտրով զբաղվող ձեռներեցների հանդեպ, ուղղակի տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն։ Այն, ինչ անում են հարկային մարմինները՝ բացել մարդկանց պայուսակներ, ստուգել, նման իրավասություն որևէ կառույց չունի»։
Բացի ներկա վարչարարությունից բողոքելը, առևտրականները դեմ են նաև նոր հարկային օրենսդրության փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականից։ Ըստ այդմ՝ ապրանքը ամեն անգամ պահեստից խանութ տեղափոխելիս ձեռներեցը պարտավոր է այն գրացնել, ինչը, ըստ ձեռներեցների, անիմաստ գործողություն է, որը միայն նոր գործ է ստեղծելու իրենց հաշվապահների համար։