Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով ավելանալու են հարկային ճնշումները մանր և միջին տնտեսավորղների նկատմամբ։ Այս մասին պնդում են Ազգային Ժողովի մոտ հավաքաված շուրջ 200 տնտեսվարողներ։ Նրանց բանակցությունները Կառավարության հետ անարդյունք են անցել, հիմա առևտրով զբաղվողները հույսը կապում են միայն ԱԺ պատգամավորների հետ՝ նրանց հետ հանդիպում պահանջելով։ Բողոքող տնտեսվարողները հիմնականում «Առինջ մոլ» և «Սուրմալու» տոնավաճառներից էին։ Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։
Օրենսդրական փոփոխություններով 2018 թվականի հունվարի 1֊ից տնտսեվարողների համար ավելանալու է նաև թղթաբանությունը։
«Ամեն անգամ երբ պահեստից խանութ մի հատ ապրանք եմ տեղափոխում, հաշվապահս պետք է այդ մասին ինտերնետային հարթակում գրի։ Եթե գան հարկային ստուգողները, ու չնշված ապրանք հայտնաբերեն խանութում, տուգանելու են՝ սկսած 200․000 դրամից»,֊ ասել է բողոքի ցույցի մասնակից առևտրականներից մեկը։
Անհատ ձեռներեցներն ասում են, որ առանց այն էլ վատ պայմաններում են աշխատում, ավելացված արժեքի հարկը վճարում են սահմանին՝ ապրանքը ներկրելիս, և ոչ ապրանքը վաճառելուց հետո, ինչպես իրականում պետք է լինի։
«Ես ներկրում եմ, օրինակ, բատարեյկաներ, դրանք չեն վաճառվում, ու ինչ֊որ ժամանակ անց, անպիտան են դառնում, բայց, փաստորեն, ես արդեն ԱԱՀ վճարել եմ դրանց համար», ֊ ասել է մեկ այլ աշխատակից։
«Մենք ապրանքներ ունենք, որոնց համար փաստաթղթեր չունենք, գնելուց՝ Չինաստանում, Թուրքիայում, չենք ստացել փաստաթուղթ։ Կամ ապրանքներ են, որ տեղական մանր արտադրող անհատներից ենք վերցրել, վերավաճառում ենք։ Ես իմ հարկը վճարում եմ, ինչի պետք է նոր փաստաթղթեր գտնեմ», ֊ ասել է բողոքողներից մեկը։
Մյուս խնդիրը՝ շուկայում ներկրող կարգոների մենաշնորհն է․ առաջ կար մի քանի կարգո, հիմա մեկը՝ «Նորֆոլկ քընսալթինգ» ՍՊԸ֊ն։ Ըստ առևտրականների՝ այդ ՍՊԸ֊ի ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» նախկին աշխատակից Արմեն Ունանյանը, որը նույն «Գազպրոմ Արմենիայի» նախկին ղեկավար, ներկայումս ՀՀ վարչապետ Կարոն Կարապետյանի մտերիմներից է։
Այդ ամենից բացի, ըստ տնտեսավորղների, նվազում են առևտրի ծավալները, և ծախսը «հազիվ ենք հանում»։
«Մեզ թողնեն, աշխատենք, իրենք թող Հայաստանից գնան։ Արտասահմանում կապիտալ ունեն։ Իրենց կուտակած արտաքին պարտքը մեր վրա է մնալու, բայց եթե թողնեն աշխատենք, մենք մեր երկրի արտաքին պարտքն էլ կտանք», ֊ ասել են ԱԺ֊ի բողոքողները։
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են բողոքի ցույցի մասնակիցներին, խնդրել իրենց գրավոր ներկայացնել մտահոգությունները և խոստացել են զբաղվել։
«Հարկային մարմինները դարձել են մահակ փոքր բիզնեսի գլխին»,֊ ասել է Մելքումյանը։