Վրացական դատարանը վճռել է արտահանձնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին. նա քրեակատարողական հիմնարկում կմնա մինչև էքստրադիցիայի մասին վերջնական որոշման ընդունումը։
Օգոստոսի 3-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Սադիգովին բերման էին ենթարկել մայրաքաղաք Թբիլիսիում։ Նախարարության տվյալներով լրագրողն Ադրբեջանում փնտրվում է սպառնալիքների և շորթումների մեղադրանքով։
Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքները չի ընդունում։ Լրագրողի հարազատները մտավախություններ ունեն, որ արտահանձնման դեպքում ադրբեջանական բանտում նրան դաժան վերաբերմունք է սպասվում։
Աֆղան Սադիգովը Azel.Tv մեդիա հրատարակչության գլխավոր խմբագիրն է։ Թբիլիսում ապրում է 2023-ի դեկտեմբերից։ Հուլիսի կեսերին Սադիգովը փորձել է Անկարա գնալ, բայց թույլ չեն տվել` պատճառաբանելով, որ Վրաստանից միայն Ադրբեջան կարող է մեկնել։
«Այս ամենը կապված է վերջին ժամանակներում իմ քննադատական հրապարակումների ու վիդեոհոլովակների հետ։ Հիմա իմ վրա քրեական գործ չկա, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան` կձերբակալեն, ինչպես անում են այլ քննադատական տրամադրված լրագրողների նկատմամբ։ Ինձ Վրաստանում են սպառնում, հարազատներիս` Ադրբեջանում։ Պահանջում են դադարեցնել քննադատությունը։ Դրա համար էլ ուզում ենք լքել Վրաստանը», – հուլիսին հայտարարել էր Սադիգովը։
Ադրբեջանում լրագրողը ձերբակալվել էր 2020 թվականի մայիսին։ Շորթումների մեջ մեղադրվող Սադիգովին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրանքները չէր ընդունում, իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ էին համարում։ 2023 թվականի համաներման շրջանակներում լրագրողն ազատ էր արձակվել։