Home / Բանակ / Բռնելով բելառուսցիներին՝ Հայաստանը միանում է խոշտանգումներին․ 4 դեպք

Բռնելով բելառուսցիներին՝ Հայաստանը միանում է խոշտանգումներին․ 4 դեպք

Տարեսկզբից Հայաստանում Բելառուսի առնվազն 4 քաղաքացու են ձերբակալել։ Նախնական տվյալներով՝ չորսն էլ մեղադրվում են զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ ԱՊՀ տարածքում նրանց նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված։ 

Կալանավորված երիտասարդներին պահում են Վանաձորի բանտում: Իրավապաշտպանները ահազանգում են՝ հետապնդումը քաղաքական աստառ ունի։ Տղաները լքել են Բելառուսը 2020 թվականի հակակառավարական ցույցերից հետո և հայտնվել «հանցագործի» կարգավիճակում։ Պաշտպանները պահանջում են մերժել արտահանձնման միջնորդությունները՝ հիմնավորմամբ, որ հայրենիքում ընդդիմադիր ակտիվիստների կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Նրանցից առնվազն մեկը, նախքան Բելառուսից փախչելը, ձերբակալվել էր և խոշտանգումների ենթարկվել ոստիկանական բաժնում։

Յարոսլավ Նովիկով

Առաջինը, ըստ Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի, ձերբակալել են Յարոսլավ Նովիկովին։ Անցած տարվա ամռանը Բելառուսի Քննչական կոմիտեն նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել «դասալքության» հոդվածով, սեպտեմբերին ԱՊՀ-ում հետախուզում է հայտարարվել։

Փետրվարի սկզբին երիտասարդը Վրաստանից եկել է Հայաստան և ձերբակալվել անմիջապես սահմանին։ Իջևանի դատարանը փետրվարի 5-ին նրան 40-օրյա կալանքի տակ է առել, մարտի 7-ին կալանքը երկարաձգվել է երկու ամսով։ Գլխավոր դատախազությունն այդ ընթացքում Բելառուսից արտահանձնման պահանջ է ստացել։ Նովիկովը Վանաձորի բանտում է։

տե՛ս Հայաստանը կատարում է բելառուս քննիչի պատվերը․ արտահանձնել չի կարելի

Յարոսլավը, ըստ փաստաբանի, նախկինում մի անգամ տարկետում է ստացել։ 2023-ին Բելառուսում զինծառայության հետ կապված օրենսդրական փոփոխություններ են արվել, և տարկետման իրավունքը բազմաթիվ հիվանդությունների գծով վերացվել է։

«Տարկետում ունեցող շատ երիտասարդներ դարձել են զինվորական ծառայության ենթակա և, գտնվելով արտերկրում, ակամայից դարձել են «հանցագործ»», – Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը։

2020 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո Բելառուսում համաժողովրդական շարժում սկսվեց՝ երկրի տարբեր քաղաքներում մասսայական բողոքի ցույցեր էին և գործադուլներ։ Շարժումը ճնշվեց ուժով։ Կային զոհեր, բազմաթիվ վիրավորներ։ Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում, հազարավորները ձերբակալվեցին և խոշտանգվեցին։

Փողոցային շարժումը ճնշելուց հետո երկրում քաղաքական հետապնդումների նոր ալիք բարձրացավ։ Ընդդիմադիր առաջնորդներից, իրավապաշտպաններից, ակտիվիստներից և ցույցերի մասնակիցներից շատերը ստիպված եղան լքել երկիրը։

Վտարանդության մեջ հայտնվածների նկատմամբ քրեական գործեր էին կարվում ամենատարբեր հոդվածներով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ներկայացուցիչ, իրավապաշտպան Անի Չատինյանը վստահ է՝ զինապարտ երիտասարդների նկատմամբ հետապնդումները հարկավոր է դիտարկել նաև այս կոնտեքստում։

«Խոսքը մի պետության մասին է, որը դուրս է Եվրոպական կոնվենցիայի տիրույթից, որը որևէ կերպ հաշվետու չէ և որտեղ [ընդդիմադիր հայացքներ ունեցող] մարդիկ, ինչպիսին Յարոսլավն է, ենթակա են հետապնդման», – ասել է Արայիկ Պապիկյանը։

Նովիկովին կալանավորելու որոշումը, որը կայացվել է Բելառուսում, ըստ փաստաբանի՝ ինքնին ապօրինի է․ «Բելառուսական կողմը հայկական կողմին պատշաճ փաստաթղթեր չի ներկայացրել։ Այն է՝ խափանման միջոց կալանքը երիտասարդի նկատմամբ ընտրել է ոչ թե իրավասու արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը, ինչպես նշված է Քիշնևի կոնվենցիայում, որի 77 հոդվածին հղում անելով բելառուսները ուզում են ստանալ նրան, այլ քննիչը։ Այն նույն քննիչը, որը քրեական գործ է հարուցել, մեղադրանք առաջադրել և հետագայում հետախուզում հայտարարել։ Դատարանից խնդրեցի առնվազն այս հիմքով, քանի որ կալանքի մասին օրինական որոշում չկա, փակել թեման և ազատ արձակել իմ պաշտպանյալին»։

Հայաստանյան դատարանը փաստաբանի այս բողոքը մերժել է։ Հետագայում Պապիկյանը բողոքարկել է նաև երկամսյա կալանավորումը։ Որոշում դեռ չկա։ Յարոսլավը այս ընթացքում քաղաքական ապաստան է հայցել Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում էր, որ Միգրացիոն ծառայության աշխատակիցներն այսօր հարցազրույց կանեն նրա հետ։

«Ապաստանի հայցին աջակցող մի շարք նամակներ ենք ստացել, դրանք ներկայացրել ենք Միգրացիոն ծառայությանը։ Երեկ, օրինակ, աջակցող նամակ է տրամադրել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որի մեջ հարյուրից ավել ՀԿ-ներ են մտնում։ Աջակցող նամակ ենք ստացել նաև Ժողովրդավարական Բելառուս առաքելությունից, որի մեջ մտնում են գրեթե բոլոր [արդեն վտարանդի] բելառուսական իրավապաշտպան կազմակերպությունները։ Աջակցության նամակ է ուղարկել նաև Բելառուսի վտարանդի ընդդիմության առաջնորդի՝ Տիխանովսկայայի օֆիսը», – ասել է փաստաբանը։

photo_2024-02-05_13-32-35-1
Յարոսլավ Նովիկովը/ լուսանկարը՝ սոցցանցերից

Յարոսլավը պատմել է, որ այս ընթացքում նրա ծնողների տուն են գնացել բելառուս ուժայինները, ասել են՝ «Եթե ձեր տղան վերադառնա, ոչ մի վատ բան չի լինի, կամ թող լուսանկար անի, ընդունի իր մեղքը՝ հետախուզումը կհանենք»։ Յարոսլավը Բելառուս վերադառնալու մտադրություն չունի, համարում է, որ հայրենիքում իրեն վտանգ է սպառնում, չի բացառում, որ արտահանձնումից հետո իրեն կարող են ուղարկել ռազմաճակատ՝ Ուկրաինա, որտեղ Ռուսաստանի առանցքային դաշնակից Բելառուսը դե յուրե չի պատերազմում, բայց փաստացի ներկա է։

Նա ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ հաշվի առնելով այս վտանգները ապաստանի հայցը կբավարարի։ Եթե չէ՝ իրավապաշտպանները շարունակել են պայքարը ներպետական և միջազգային դատական ատյաններում։

Մաքսիմ Վայտկյավիչուս

Յարոսլավի ձերբակալությունից երկու օր անց հայ-վրացական սահմանին ձերբակալել են նաև 23-ամյա Մաքսիմ Վայտկյավիչուսին։ Նա Հայաստան էր գալիս՝ համերգի մասնակցելու։ Ապրում էր Վրաստանում։

Մեղադրանքը նույնն է՝ խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից։ Կրկնվում է նաև ընթացակարգը։

«Քրեական այս հետապնդումը հստակ քաղաքական մոտիվներ ունի։ Մաքսիմը մասնակցել է Բելառուսում տեղի ունեցած ցույցերին, վարչական ձերբակալման է ենթարկվել 14 օրով։ 14 օրվա ընթացքում անմարդկային, դաժան և նվաստացնող վերաբերմունքի է արժանացել բանտում՝ խոշտանգումներ, նվաստացումներ, ծաղրանք և սպառնալիքներ։ Քանի որ ինքը զինապարտ է, ոստիկանությունում իրեն այն ժամանակ ուղիղ սպառնացել են՝ բանակ կտանեն, այնտեղ ամեն ինչ ավելի վատ կլինի։

Կալանավայրից դուրս գալուց կարճ ժամանակ անց նա լքել է երկիրը, ուղղակի փախել է՝ կրկնակի բռնությունների ենթարկվելու վտանգից ելնելով։

Մաքսիմին բռնել են հայ-վրացական սահմանի անցակետում։ Ինչպես և Յարոսլավի դեպքում՝ Հայաստան է մտել, հայ սահմանապահները տեսել են, որ նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, կալանքի որոշում կա, հետախուզում է հայտարարված, տվյալները ներառված են այդ ներքին համակարգում։ Փետրվարի 7-ին ձերբակալել են և նույն ընթացակարգով՝ սկզբում 40-օրյա կալանք, հետո 2 ամսվա՝ Բելառուսից ստացված արտահանձնման միջնորդությամբ», – Epress.am-ին ասել է ՀՔԱՎ-ի իրավաբան Անի Չատինյանը։

434006884_749655293931700_4118200318717071812_n (2)
Մաքսիմ Վայտկյավիչուս/ լուսանկարն  Epress.am-ին տրամադրել է փաստաբան Անի Չատինյանը

Կալանքի հետ կապված որշումները բողոքարկվել են, ՀՔԱՎ-ը նաև չարտահանձման պահանջ է ներկայացրել։ Մաքսիմը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից, սպասում են Միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցին։

«Հստակ է, որ նա չպետք է արտահանձնվի։ Հակակառավարական ցույցերին մասնակցելու հիմքով նա արդեն իսկ հետապնդման է ենթարկվել, արտահանձնման պահանջը նրանց նկատմամբ է, ովքեր համարձակվել են դուրս գալ փողոց․․․ Հասկանում եք՝ այստեղ ուղղակի վտանգ կա, որ արտահանձնման դեպքում անձը կենթարկվի խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի։ Որովհետև արդեն իսկ ուղղակի սպառնալիքն եղել է, և 14 օր անձը հենց այդ վերաբերմունքին էլ արժանացել է։

Եթե Հայաստանի Հանրապետությունը հանկարծ որոշի արտահանձնել Վայտկյավիչուսին, նշանակում է՝ կստորագրի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով բացարձակ արգելք սահմանող ակտի ի կատար ածման տակ։ Արտահանձնումը, ըստ միջազգային կոնվենցիաների, չպիտի իրականացվի, եթե ուղղակի վտանգ կա, որ ընդունող երկրի տարածքում անձը կենթարկվի խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի։

Այս պարագայում ոչ միայն նման վտանգ կա, այլև արդեն իսկ այդ վտանգը մի անգամ ի կատար է ածվել», – ասել է Չատինյանը։

Միգրացիոն ծառայությունը ապաստանի հայցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։ Բողոքարկումները դեռ ներքին դատական ատյաններում են։ Եթե ապաստանի հայցը մերժվի, եթե ներքին դատական ատյանները մերժեն բողոքարկումները՝ իրավապաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Քանի դեռ ներքին կամ արտաքին դատական ատյաններում պրոցես է ընթանում՝ անձին արտահանձնել չեն կարող։

արդեն չորսով են

2023 թվականի ողջ ընթացքում Հայաստանում ընդամենը մեկ դեպք է եղել, երբ ձերբակալել են Բելառուսի քաղաքացու, ընդ որում, իրավապաշտպանների տեղեկություններով, ձերբակալվածը մեղադրվում էր ոչ միայն զինծառայությունից խուսափելու, այլև ֆինանսական ինչ-որ հոդվածներով։շ

2024-ի ընդամենը երկուսուկես ամիսների ընթացքում արդեն 4 ձերբակալություն կա։ 4-ն էլ Վանաձորի բանտում են։

«Շաբաթ օրը, երբ գնացել էի Յարոսլավի մոտ, իմացա, որ Քրեակատարողական հիմնարկում իրենք արդեն երկուսով չեն՝ չորսն են։ Մյուս երկուսը նոր են բռնվել՝ մի քանի օր առաջ։ Շաբաթ օրը նրանք դեռ կարանտինային գոտում էին, դեռ նույնիսկ խցեր չէին տեղափոխվել։ Յարոսլավի տվյալներով, բոլորի նկատմամբ դասալքության հոդվածով են հետախուզում հայտարարել», – նշել է Արայիկ Պապիկյանը։

Անի Չատինյանը առաջիկայում կհանդիպի նոր ձերբակալված երիտասարդներից մեկին, ամենայն հավանականությամբ՝ նրա պաշտպանությամբ կզբաղվի ՀՔԱՎ-ը։

[լրացում] Հրապարակումից հետո ավելացվել է Մաքսիմ Վայտկյավիչուսի լուսանկարը, փոխվել է շապիկի պատկերը։