Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովը Հայաստանում քաղաքական ապաստան է ստացել, նրան չեն արտահանձնի։
«Նովիկովը փախստականի կարգավիճակ ունի։ Որոշումը կայացվել է երեկ։ Գիշերը նրան ազատ են արձակել։ Հայաստանում նրա նկատմամբ քրեական հետապնդում չկա», – Epress.am-ին պատմել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Տարեսկզբից Հայաստանում Բելառուսի առնվազն 4 քաղաքացու են կալանավորել։ Չորսն էլ մեղադրվում են զինծառայությունից խուսափելու մեջ։ ԱՊՀ տարածքում նրանց նկատմամբ հետախուզում կար հայտարարված։
Յարոսլավ Նովիկովին ձերբակալել էին փետրվարի սկզբին, մյուսներին՝ մարտին։ Հայ-վրացական սահմանից նրանք բերման էին ենթարկվել Նոյեմբերյանի բաժին, կալանավորվել Իջևանում և տեղափոխվել Վանաձորի բանտ։ Բելառուսը արտահանձնման պահանջներ էր ներկայացրել։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներգրավված է Յարոսլավի գործում, և Անի Չատինյանը, որը ներկայացնում է Մաքսիմ Վայտկյավիչուսի շահերը, դատարանում առարկել էին՝ կալանավորման որոշումը Բելառուսում կայացվել է արտադատական, այսինքն ոչ իրավական ընթացակարգով՝ գործով զբաղվող քննիչի միանձնյա որոշմամբ, հետևաբար օրինական հիմք համարվել չի կարող։ Հայաստանյան դատարանն առարկությունը չէր ընդունվել։
Epress.am-ի հետ զրույցում փաստաբանները պատմել էին՝ երիտասարդները փախել են երկրից 2020 թվականի մասսայական ցույցերից հետո, Վայտկյավիչուսը արտագաղթից առաջ ձերբակալվել է, խոշտանգումների ենթարկվել բելառուսական ոստիկանությունում։ 2023 թվականին Բելառուսում օրենք է փոխվել։ Վտարանդի զորակոչիկների նկատմամբ այժմ միատիպ քրեական գործեր են հարուցվում զինծառայույունից խուսափելու հոդվածով, արագացված ընթացակարգով կալանքի որոշում է կայացվում և հետախուզում հայտարարվում։ Փաստաբանները հղվում էին միջազգային զեկույցներին՝ զանգվածային խոշտանգումներ 2020-ի փողոցային ցույցերին մասնակցածների նկատմամբ, հաշվեհարդարներ, ընդդիմադիրների ապօրինի բանտարկություններ։ Ասում էին՝ բելառուսական բանտերում իրենց պաշտպանյալներին վտանգ է սպառնում։ Յարոսլավ Նովիկովը պատմում էր, որ հայաստանյան իր բանտարկության ընթացքում բելառուս ուժայինները գնացել են իր ծնողների տուն, առաջարկել համոզել իրեն վերադառնալ հայրենիք, խոստացել, որ եթե ինքը հրապարակավ մեղանչի, քրեական հետապնդումը կհանեն։
Միգրացիայի ծառայությունը, հիմնվելով քրեական գործի նյութերի, հարցազրույցների, միջազգային կազմակերպությունների գնահատականների և առաջարկությունների վրա, բավարարել է ապաստանի հայցը․ մայիսի 8-ին Յարոսլավին փախստականի կարգավիճակ են տրամադրել։ Մաքսիմ Վայտկյավիչուսի գործը դեռ ընթացքի մեջ է։ Պապիկյանի տեղեկություններով՝ նրա կալանքը երեկ երկարաձգվել է։ Վայտկյավիչուսն էլ է ապաստան հայցել, բայց հարցազրույց Միգրացիայի ծառայությունը դեռ չի արել։ Մյուս երկու բանտարկյալներից փաստաբանը տեղեկություն չունի։
Փախստականի կարգավիճակը պաշտպանության միջոց է համարվում՝ արտահանձնման պահանջները ավտոմատ մերժվում են։ Հայաստանի քաղաքացիություն ստանալու պարտավորություն փախստականները չունեն։