Իջևանի դատարանը կալանքի տակ է առել բելառուսցի «դասալիքին», որին ձերբակալել են Վրաստանի հետ սահմանին՝ Բելառուսի ներքին գործերի նախարարության պահանջով։
Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, և փետրվարի 5-ին 40-օրյա ժամկետով կալանավորել Յարոսլավ Նովիկովին, որին Բելառուսում մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ ԱՊՀ տարածքում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Յարոսլավի պաշտպանը՝ փաստաբան Արայիկ Պապիկյանը, ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է համարում։ Epress.am-ի հետ զրույցում նա պատմել է՝ հակընդիր հայց էր ներկայացրել դատարան, որը երեկ գիշերը մերժվել է։ Նովիկովին տեղափոխել են Վանաձորի բանտ։
Պապիկյանը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը և պահանջում է ազատ արձակել երիտասարդին։
«Բելառուսում Յարոսլավի նկատմամբ հետապնդում է նախաձեռնվել անցած տարվա ամռանը, իսկ հետախուզում հայտարարվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ ժամանակահատվածում նա գտնվել է Վրաստանում։ Օրեր առաջ Վրաստանի հետ սահմանին հայ սահմանապահները պարզել են, որ կա հետախուզում, և երիտասարդին տեղափոխել Նոյեմբերյանի ոստիկանության բաժին։ Նա ձերբակալվել է և տարվել ՁՊՎ։ Անցած գիշեր Դատարանը միաժամանակ քննել է և՛ իմ բողոքը, և՛ դատախազի ներկայացրած միջնորդությունը։ Իմ բողոքը մերժվել է, դատախազի միջնորդությունը՝ բավարարվել, Յարոսլավին կալանավորել են 40-օրյա ժամկետով։
Ինչո՞ւ եմ ես վստահ, որ նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է։
Մի կարևոր հիմնավորում նշեմ․ բելառուսական կողմից ստացված երեք առանցքային փաստաթուղթ կա՝ մեղադրյալ ներգրավելու որոշում, հետախուզում հայտարարելու որոշում և, սա ամենակարևորն է, խափանման միջոց կալանք կիրառելու մասին որոշում։ Բոլոր որոշումները կայացված են քննիչի՛ կողմից։
Ես որպես իրավաբան գիտեմ, որ անձի նկատմամբ կալանքի խափանման միջոց ընտրել կարող է բացառապես և միմիայն դատարանը։ Համենայն դեպս՝ մեր օրենսդրությունը և Եվրապական կոնվենցիայի 5-րդ հոդվածը դրա մասին են խոսում։
Ես դատախազի և դատարանի ուշադրությունը հրավիրեցի, որ բելառուսական կողմը պատշաճ փաստաթղթեր չի ներկայացրել։ Այն է՝ խափանման միջոց կալանավորումը երիտասարդի նկատմամբ ընտրել է ոչ թե իրավասու արդարադատություն իրականացնող մարմինը, ինչպես նշված է Քիշնևի կոնվենցիայում, որի 77 հոդվածին հղում անելով բելառուսները ուզում են ստանան երիտասարդին, այլ քննիչը։
Եվ ես դատարանից խնդրեցի առնվազն այս հիմքով, քանի որ կալանքի մասին պատշաճ փաստաթղթեր չեն ներկայացվել, փակել այս թեման և ազատ արձակել նրան։ Բայց ցավով պետք է նշեմ, որ շատ կարևոր իրավական նշանակություն ունեցող այս հիմքը հաշվի չառնվեց», – Epress.am-ին ասել է փաստաբանը։
Պապիկյանի խոսքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ այն քննիչը, որը միաժամանակ և միանձնյա գործ է հարուցել, մեղադրանք առաջադրել և կալանքի որոշում կայացրել, տղայի Բելառուս վերադառնալուց հետո չի շարունակի ինքնագործունեությունը, օրինակ՝ նոր հոդվածներ չի ավելացնի, այլ մեղադրանքներ չի առաջադրի։
«Խոսքը մի պետության մասին է, որը դուրս է Եվրոպական կոնվենցիայի տիրույթից, որը որևէ կերպ հաշվետու չէ և որտեղ ազատ մտածող մարդիկ ենթակա են հետապնդման։ Այդ մարդկանցից մեկը հենց Յարոսլավն է», – ասել է փաստաբանը։
Յարոսլավը, ըստ նրա, հատկապես ընդգրկված չի եղել քաղաքական գործընթացների մեջ, բայց համարում է, որ այն սերնդի մարդկանցից է, որ 2020 թվականի փողոցային դիմադրությունից հետո ակամայից հայտնվել է վտարանդության կարգավիճակում։
2020-ի փողոցային պայքարից հետո Բելառուսում հարյուրավոր ընդդիմադիրներ են խոշտանգվել և բանտարկվել, ընդդիմությունը ամբողջությամբ գլխատվել է, հազարավոր մարդիկ հեռացվել են երկրից։
«Ավելին՝ ներկա պայմաններում Յարոսլավը գտնում է, որ չի կարող իր համար անհասկանալի մի պատերազմի մասնակիցը դառնալ։ Զինծառայողներին նաև Բելառուսից կարող են տանել Ուկրաինա։ Բելառուսը Ռուսաստանի հետ միութենական պետության մաս է կազմում: Ինքը չի կարող ասել, որ իրեն հատուկ պատերազմ են տանելու, բայց և չունի երաշխիք, որ առանց իր կամքը հաշվի առնելու իրեն պատերազմի չեն տանի», – հավելել է փաստաբանը։
Յարոսլավը զինապարտ է։ Նախկինում մի անգամ ծանուցագիր է ստացել, բայց տարկետվել է՝ աչքի վիրահատության հիմքով։ Վիրահատվելուց հետո, ըստ փաստաբանի, նա պետք է նորից հետազոտվեր։ Այդ ընթացքում զինծառայության համար ոչ պիտանի հիվանդությունների ցանկից հանվել է իր տեսողական խնդիրը։ Նա գիտեր, որ նոր ծանուցագիր է ստանալու։ Մինչ այդ ուղղակի դուրս է եկել երկրից։
Փաստաբանը սպասում է Վերաքննիչ դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ նշում է՝ նման վարույթները դռնփակության ռեժիմով են քննարկվում, լրագրողների ներկայություն չի լինելու։ Եթե վերաքննիչ բողոքը մերժվի, պաշտպանությունը դիտարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու և Հայաստանում քաղաքական ապաստան հայցելու տարբերակները։
ԱՊՀ տարածքում հետախուզվող օտարերկրյա քաղաքացու արտահանձնման գործընթացը, ըստ օրենքի, սկսվում է ձերբակալությունից անմիջապես հետո։ 40-օրյա ժամկետում կալանք հայցած Բելառուսը պարտավոր է ներկայացնել փաստաթղթերի փաթեթը, այդ թվում՝ գրավոր երաշխիքներ, որ արտահանձնումից հետո մեղադրյալը խոշտանգումների չի ենթարկվի։ Փաստաթղթերը ստանալուց հետո գործը փոխանցվում է դատարան, որը քննում է արտահանձնման իրավաչափությունը։ Եթե այս ընթացքում հաջողվի դիմել Մարդու իրավունքների եվրադատարան և հասնել արտահանձնման արգելքի, ապա հայաստանյան դատարանը պարտավոր կլինի մերժել Նովիկովին արտահանձնելու՝ Բելառուսի պահանջը։