Բելառուսի նախագահը զանգահարել է Հայաստանի վարչապետին և համոզվել, որ վերջինս չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Ըստ հայկական կողմի՝ Լուկաշենկոյի նախաձեռնած զրույցի ընթացքում Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Չմեկնելու պատճառների մասին հաղորդագրությունում ոչինչ չի նշվում։
Երևանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ ՀԱՊԿ-ը անտեսել է Հայաստանի պահանջը՝ դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք։
Տարեսկզբին Հայաստանում չեղարկվել են ՀԱՊԿ զորավարժությունները։ ՀՀ-ն հրաժարվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ետ է կանչել ռազմական դաշինքից իր դեսպանին ու մինչ օրս նորին չի նշանակել։
Հոկտեմբերին Հայաստանը բոյկոտել է հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում մեկնարկած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի նիստը։