Home / Բանտ / Եվրոպացիների ECO-խիղճն ու Բելառուսի բանտային ճորտությունը․ հետաքննություն

Եվրոպացիների ECO-խիղճն ու Բելառուսի բանտային ճորտությունը․ հետաքննություն

Կահույքագործությամբ զբաղվող միջազգային կորպորացիաներն ու առևտրի ցանցերը, այդ թվում՝ հանրահայտ IKEA-ն, BUT-ը և Polipol-ը, վերջին տարիներին հումք և կահույք են գնում բելառուսական բանտերից՝ պնդում են Earthsight-ի հետաքննողները։

Հումքը արտադրվում է հարկադիր աշխատանքի պայմաններում․ կալանավորներին ստիպում են աշխատել առանց վարձատրության, հրաժարվողներին՝ ենթարկում խոշտանգումների։

Առքուվաճառքի գործարքներն ուղեկցվում են «գրինուոշինգով», որում ներգրավված են («էթիկական» սպառման հավաստագրեր տրամադրող) SCS Global միջազգային ընկերության ներկայացուցիչները:

Տեղեկանք․ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը արդեն 26 տարի է՝ զբաղեցնում է Բելառուսի նախագահի պաշտոնը, վերջին անգամ ընտրությունները կեղծել է 2020 թվականի օգոստոսին։ Բելառուսի գրեթե բոլոր քաղաքներում այն ժամանակ բողոքի ցույցեր և գործադուլներ էին՝ ամենազանգվածայինը երկրի ողջ պատմության ընթացքում։ Համաժողովրդական շարժման 7 ամիսների ընթացքում նվազագույնը 5 մարդ է սպանվել, հարյուրավոր մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում, հազարավոր մարդիկ՝ ոստիկանական կտտարաններում։ Լուկաշենկոյի ընդդիմախոսների նկատմամբ 600-ից ավելի քրեական գործեր են հարուցել՝ հազարից ավել քաղբանտարկյալ։ Նրանցից որոշների հարկադիր աշխատանքի արդյունքներն այժմ վաճառվում է եվրոպական առևտրի կենտրոններում։ ,

2020 թվականին Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ չեն ճանաչելու Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները։ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցներ էին սահմանվել։ Սանկցիաների տակ է ընկել նաև բելառուսական արդյունաբերությունը, այդ թվում՝ փայտարդյունաբերական և ատաղձագործական ոլորտները։ 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, պատժամիջոցները խստացվել են։

Բելառուսական բանտեր կորպորացիան

Բոբրույսկի №2 ուղղիչ գաղութը հիմնվել է 1965 թվականին՝ նորաստեղծ ռետինադողային գործարանը հարկադիր աշխատուժով ապահովելու համար։ Բանտարկյալները հետագայում շահագործվում էին նաև մյուս արտադրամասերում։

Գաղութն այժմ շուրջ 17 հեկտար է զբաղեցնում՝ փշալարերով և անտառներով շրջապատված հսկայական տարածք։ Կալանավորները՝ մոտ 2 հազար մարդ, աշխատում են տեղի ցեխերում։ Հրաժարվողներին ուղարկում են պատժախուց։

Բելառուսի քրեակատարողական դեպարտամենտն ընդհանուր առմամբ օգտվում է 27 բանտերում պահվող հազարավոր դատապարտյալների հարկադիր աշխատանքից։ Անվճար աշխատուժը կենցաղային և ռազմական առարկաներ, զապչաստներ, հագուստ և սնունդ է արտադրում, որը պետական դեպարտամենտը հետագայում վաճառում է, այդ թվում՝ ԵՄ ընկերություններին։

Բելառուսի բանտարդյունաբերության եկամուտի ամենախոշոր մասն ապահովվում է հենց փայտագործությամբ։

Քրեակատարողական ծառայությունը երկրի ամենախոշոր փայտարդյունաբերական ընկերությունն է։ Փայտամշակման աշխատանքներում ներգրավված է 8 հազար բանտարկյալ։

Դատապարտյալների աշխատանքն օգտագործվում է արտադրության բոլոր փուլերում՝ պետական անտառների ծառահատումից սկսած, կահույքի արտադրությամբ ավարտած։ Ամեն տարի կալանավորները շուրջ կեսմիլիոն ծառ են կտրում, արտադրում՝ ավելի քան 800 տեսակի ապրանք, այդ թվում՝ գրասենյակային կահույք, պատուհաններ, դռներ, հուշանվերներ և այլն։

Բոբրույսկի արտադրամասի տարածքը 5 ֆուտբոլային դաշտերից մեծ․ սա ամենածանրաբեռնված գործարաններից մեկն է։


կալանավորները՝ Բելառուսի №22 ուղղիչ գաղութում, 2017, Intex Press

Ուղղիչ աշխատանքային ճորտություն

2020 թվականի վերջին, երբ բելառուսական պրոտեստները դեռևս չէին մարել, Բոբրույսկ են եկել SCS Global-ի ներկայացուցիչները։

Earthsight-ը նկատում է՝ դժվար է ասել, թե ինչի մասին էին այս մարդիկ մտածում նախաճաշելիս, բայց երբ բացվել են 15-ֆունտանոց դարպասները, նրանք, հավանաբար, նկատել են, որ իրենց առջև բանտ է։

№ 2 ուղղիչ գաղութը վատ համբավ ունի․ այս մասին գիտեն նաև եվրոպացիները։ Բոբրույսկի բանտի անվանի «սաներից» են Բելառուսի ամենահայտնի դիսիդենտ՝ նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը (ձերբակալվել է 2010-ի կեղծված ընտրություններից հետո, 2015 թվականին գիրք է հրատարակել, որում մանրամասն նկարագրում է Բոբրույսկի բանտի կտտանքները) և իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին։ Բելառուսցի իրավապաշտպանների տվյալներով, այս պահին №2 գաղութում առնվազն 98 քաղբանտարկյալ է պահվում, գերակշռող մասը՝ 2020-ի ցույցերից հետո ձերբակալված երիտասարդներ։

2021 թվականի սեպտեմբերի դրությամբ (երբ բանտը օժտվել է FSC-ի սերտիֆիկատով) Բոբրույսկի գաղութում պահվող քաղբանտարկյալներից որոշների դիմանկարները, DISSIDENTBY / A Country To Live In / Spring96.org 

Բոբրույսկի Բանտը փայտագործական մասնագիտացում ունի։ Earthsight-ի հետ զրույցում բազմաթիվ նախկին բանտարկյալ, այդ թվում՝ գաղութը անցյալ տարի լքած դատապարտյալները, հաստատել են՝ աշխատանքը հարկադիր բնույթ է կրում։ Աշխատելը պարտականություն է, հրաժարվողներին ծեծում են և տանում պատժախուց։ Արտադրամասերը ձմեռները չեն ջեռուցվում։

Քաղբանտարկյալները հատուկ դեղին տարբերանշաններ են կրում, նրանց համար ռեժիմն ավելի խիստ է՝ տեսակցությունները արգելվում են, անգամ փոքր կամ ձևական բաների (օրինակ, արձակած կոճակի կամ փռշտալու) համար կարող են պատժել մահակներով և էլեկտրաշոկերով։ Նախկին բանտարկյալները պնդում են, որ քաղաքականների նկատմամբ առանձնահատուկ «խստությունը» անձամբ «Բելառուսական բանտեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մատկինի հրամանն է։

Կալանավորների աշխատանքը պետք է վարձատրվի։ Բայց դե ֆակտո նրանք փող չեն ստանում։ Earthsight-ի տիրապետության տակ են հայտնվել դատապարտյալներից մեկի վճարացուցակները, ըստ որոնց՝ (ամբողջ դրույք) աշխատանքի դիմաց նա տարեկան (!) 15,18 բելառուսական ռուբլի է ստացել՝ մոտ 6 դոլար (2 հազար 380 դրամ)։

Եվրոպացիների խղճի շղթան

Անտառային/փայտագործական հավաստագրման չափանիշները՝ ըստ FSC-ի, որը պատկանում է SCS Global-ին, ենթադրում են, որ փայտի կամ փայտանյութի արտադրության հետևանքով բնությանը հասցված վնասը պետք է նվազագույն լինի, իսկ աշխատողների իրավունքները պետք է հարգվեն։

FSC-ն (Forest Stewardship Council) ստեղծվել է 90-ականներին՝ բնապահպանական խմբերի և արդյունաբերության առաջադեմ ներկայացուցիչների կոալիցիայի կողմից։ Նպատակն է՝ «հնարավորություն ընձեռել սպառողներին փայտամշակման և թղթային արդյունաբերությունների ապրանքները գնել հանգիստ խղճով»։

90-ականներից ի վեր այն մեծացել է և դարձել համաշխարհային շուկայի ամենամեծ «էթիկական տարբերանշանը»։ Դրա լոգոն զարդարում է կահույքը, գրքերը, անձեռոցիկները և այլն։ Փայտամշակման արդյունաբերության ապրանքների գրեթե մեկ չորրորդը օժտված է այդ սերտիֆիկատով։ FSC-ն ներկայացվում է որպես «էթիկական» սպառման հավաստիք։

FSC-ի պես սերտիֆիկատները գնալով «պարտադիր» են դառնում՝ նրանց համար, ովքեր իրենց ապրանքներն ուզում են վաճառել Արևմտյան Եվրոպայի «զգայուն» շուկաներում։ Հենց այս պատճառով էլ SCS ներկայացուցիչները ժամանել էին Բոբրույսկ։ Գաղութը հոգացել է նրանց այցի բոլոր ծախսերը։ Իրական նպատակը, իհարկե, «գինուոշինգն» է։


Բոբրույսկի ուղղիչ գաղութը, Earthsight

2020 թվականի հոկտեմբերի 2-ին «Բելառուսական բանտեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մատկինը հայտնվեց արևմտյան պատժամիջոցների ներքո։ Պատճառը դատապարտյալների նկատմամբ «անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումներն էին», որոնք տարածված են նրա ղեկավարած բանտերում։

Պատժամիջոցի կիրառումից ընդամենը մեկուկես ամիս հետո Բոբրույսկի գաղութ ժամանեցին SCS-ի աուդիտորները, իսկ 2020 թվականի նոյեմբերի 12-ին №2 ուղղիչ գաղութն օժտվեց FSC նոր՝ փայլփլուն հավաստագրով։

ԵՄ-ի դռները բացվեցին նաև այն ապրանքների համար, որոնք արտադրվում են այս բանտում՝ հազարավոր դատապարտյալների հարկադիր աշխատանքի շնորհիվ։

Բայց Բոբրույսկը միակը չէ, որ արժանացել է աշխարհի ամենախոշոր «կանաչ» սերտիֆիկատի հավանությանը։ Առաջինն էլ չէ։

Earthsight-ի հետաքննությունը պարզել է, որ համանման սերտիֆիկատներ են ստացել նաև Բելառուսի մյուս բանտերը, այդ թվում՝ Իվացևիչիի №5, Շկլովի №17 և Մոգիլևի № 15 ուղղիչ գաղութները։

Բելառուսում FSC «պարզաջրել է» հազարավոր կալանավորների, այդ թվում՝ հարյուրավոր քաղբանտարկյալների, ճորտական աշխատանքը․ գրինուոշինգն այստեղ ավելի քան 10 տարվա պատմություն ունի։

Կարելի է հիշել Իվացևիչիի №5 գաղութի դեպքի։ Սա առաջին բելառուսական բանտն է, որին հովանավորել է FSC-ն։ Այն, որ №5 գաղութի արտադրանքը ներմուծվում է Եվրոպա, հաստատվել է նաև բելառուսական դատախազության կողմից։

2018 թվականին բանտի նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել կահույքի մատակարարման արտոնյալ պայմանագրերի դիմաց ֆրանսիական ընկերությունից ավելի քան 200 000 եվրոյի չափով կաշառք ստանալու համար։ Մեղադրանքը առնչվում է 2009-2013 թվականի գործարքներին․ 2013-ին գաղութն արդեն իսկ FSC սերտիֆիկատ ուներ։

Աղմկահարույց այս գործի հանրայնացումից հետո տեղական ԶԼՄ-ները հարցազրույց էին արել բանտի նախկին դատապարտյալի հետ, ով հաստատել էր՝ գաղութի փայտամշակման գործարանի հիմնական պատվիրատում ֆրանսիական ընկերությունն է։ Այնուամենայնիվ, դանիական Nepcon ընկերության տեսուչները արտառոց ոչինչ «չեն նկատել» և 2019 թվականի հունվարին կրկին հավաստագրել են №5 գաղութը։

Բելառուսական վերջին բանտը, որ արժանացել է արևմտյան «էթիկայի» հավանությանը, Մոգիլևի №15 ուղղիչ գաղութն է։ Գրասենյակային կահույք արտադրող այս ՔԿՀ-ն հավաստագիր է ստացել 2020 թվականի օգոստոսի 19-ին՝ միջազգային մամուլում հայտնված հերթական սկանդալից ընդամենը 5 օր հետո։ Արևմտյան լրատվամիջոցները (BBC և այլն) այդ ժամանակ ահազանգում էին ձերբակալված ցուցարարների նկատմամբ Մոգիլևի գաղութում տեղի ունեցող «զանգվածային խոշտանգումների» մասին։

Միջազգային այս հավաստագրերը թույլ են տվել բելառուսական բանտերի արտադրանքին (ոչ միայն փայտին, այլև կտորներին) հայտնվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Նիդերլանդների, Բրիտանիայի խանութներում։ Եվ ի՜նչ խանութներում։

Մատակարարումների շղթաների ուսումնասիրությունը Earthsight-ի հետաքննողներին բերել է եվրոպական ամենախոշոր կահույքի ցանցեր՝ գերմանական Polipol, ավստրիական XXX Lutz, ֆրանսիական BUT և իհարկե՝ IKEA։

Բնականաբար, արևմտյան կորպորացիաները բելառուսական բանտերից ուղիղ գնումներ չեն կատարել։ Գաղութները միջնորդավորված իրենց արտադրանքը մատակարարել են մոգիլևյան «ФанДОК», բրեստյան «Ивацевичдрев» (որը, ի դեպ, FSC սեփական սերտիֆիկատն ունի) և այլ ընկերություններին։

Այս ընկերությունները ապրանքը առաքել են ուղիղ դեպի Եվրոպա։


Բելառուսում արտադրված IKEA-ի ապրանքներից որոշները

Հետաքննությունը հաստատել է՝ բելառուսական փայտանյութը և կտորեղենը IKEA-ի կողմից օգտագործվել է առնվազն 6 ապրանքների արտադրության ընթացքում, այդ թվում՝ Strandmon բազկաթոռների (թողարկվում են լեհական Delkom-ի կողմից), Brimnes կոմոդների (արտադրվում են լիտվական VMG ընկերության կողմից), Alex գրասեղանների (լիտվական SBA Mebelain)․․․

Նույնիսկ Գլազգոյում 2021-ին տեղի ունեցած COP26 կլիմայական համաժողովն էր կահավորված բելառուս կալանավորների (այդ թվում, հավանաբար, քաղբանտարկյալների) արտադրանքով։

IKEA-ն և մարդու իրավունքները

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո IKEA-ն հայտարարել է, որ դադարեցնում է Բելառուսի հետ աշխատանքը, FSC-ն հետ է կանչել բելառուսական սերտիֆիկատները։ Polipol-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիվը, սակայն, հայտարարել է, որ չնայած ընկերությունը դատապարտում է Ուկրաինայում ռազմական գործողությունները, բայց շարունակելու է աշխատել Բելառուսի հետ։

Գործնական կապերի պահպանմանը նպաստել է իրավական սողանցքը․ եվրոպացի օրենսդիրները արգելել են բելառուսական փայտի ներմուծումը, բայց՝ ոչինչ չեն ասել կահույքի ներմուծման մասին։

Earthsight-ի տվյալներով, ԵՄ 20 անդամ-պետություններ շարունակում են Բելառուսից փայտե կահույքի և բաղադրիչների ներմուծումը։ Ամենախոշոր գնորդները Գերմանիան, Լեհաստանը և Լիտվան են։

Բելառուսական ընկերությունների հետ համագործակցությունը IKEA-ում խոստովանել են՝ շրջանցելով բանտերի թեման։ CNN-ի հարցմանն ի պատասխան կահույքագործական հսկայի ներկայացուցիչները հայտարարել են․ «Բոլոր այն շուկաներում, որոնցում մենք ներկա ենք, մենք հասկացնում ենք, որ մարդու իրավունքների խախտումները տեղ չունեն մեր բիզնեսում։ 2021-ի հուլիսին մենք որոշել ենք դադարեցնել մեր բիզնես-նախագծերի զարգացումը Բելառուսում՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Երբ մենք Բելառուսում ենք, պարբերաբար աուդիտի ենք ենթարկում մատակարարումների շղթաները՝ մեր պահանջներին դրանց համապատասխանելիությունը ապահովելու համար»։

Հարկավոր է շեշտել, որ կահույքագործական այս հսկայի համար բելառուսական սկանդալը առաջինը չէ՛։ Անցյալ տարի նույն Earthsight-ը ապացուցել էր, որ

IKEA-ն մեծ քանակությամբ փայտ է գնել Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ ապօրինի անտառահատումից․ այն իրականացրել են Իրկուտսկի մարզի օրենսդիր մարմնի պատգամավոր Եվգենի Բակուրովի հետ փոխկապակցված ընկերությունները։ Անտառահատվել է մոտ 15 000 հեկտար (մոտ 21 000 ֆոտբոլի դաշտ) տարածք։ Անտառահատումը ձևակերպվել է որպես սանիտարական․ ընկերությունը հայտարարել է, իբր հատել է չորացած և պարազիտների կողմից վնասված ծառերը։ Հետաքննողները, ավելի ուշ՝ նաև ռուսական դատարանը ապացուցել են, որ հատված ծառերն ամբողջությամբ առողջ են եղել։

Այս հետաքննությունից հետո IKEA-ն հայտարարել է, որ Սիբիրի և Հեռավոր Արևելքի «սանիտարական ծառահատումների» շրջանակներում արտադրված փայտանյութի գնումները դադարեցրել են։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ

այդ հսկայական ապօրինի ծառահատումը ևս սերտիֆիկացվել էր արևմտյան «էթիկայի» կողմից։

Բելառուսական դեպքը միայն ընդգծում է՝ FSC-հավաստագրերը նպաստում են ոչ միայն անտառների վայրագ հատմանը, այլև մարդկանց շահագործմանը։

Հ․Գ․ Հայաստանը, ինչպես հայտնի է, Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ չի էլ կիրառել։ Բելառուս կալանավորների հարկադիր աշխատանքի արտադրանքները կարելի է հանդիպել նաև հայաստանյան խանութներում։

Հետաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ