Home / Մեդիա / Սլավոն իրավապաշտպանները՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ

Սլավոն իրավապաշտպանները՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը այս տարի շնորհվել է բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկուն, ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությանը և ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությանը։ 

Այս մասին հայտնում է Նոբելյան կոմիտեն, հավելելով, որ դափնեկիրները «երևելի ջանքեր են գործադրել փաստագրելու՝ ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և իշխանության չարաշահումները»։ 

Ալես Բելյացկին «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրն է։ Նա 1980-ականների կեսերին Բելառուսում ի հայտ եկած ժողովրդավարական շարժման նախաձեռնողներից էր և «իր կյանքը նվիրել է իր հայրենի երկրում ժողովրդավարության և խաղաղ զարգացման խթանմանը»։

«Իշխանությունները բազմիցս փորձել են լռեցնել Ալես Բելյացկուն։ Նա ազատազրկված է եղել 2011-ից 2014 թվականներին։ 2020 թվականին ռեժիմի դեմ զանգվածային ցույցերից հետո նա կրկին ձերբակալվեց։ Մինչ օրս նա պահվում է կալանքի տակ՝ առանց դատաքննության և հետաքննության։ Չնայած անձնական հսկայական դժվարություններին, պարոն Բելյացկին ոչ մի թիզ չզիջեց Բելառուսում մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարում», – նշում է Նոբելյան կոմիտեն։

Հիշեցնենք՝ 2011 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց ակցիա էր անցակցվել՝ ի աջակցություն բանտարկված իրավապաշտպանի։

«Մեմորիալը»՝ Ռուսաստանի առաջին իրավապաշտպան կազմակերպությունը, ստեղծվել է 1987 թվականին այն մարդկանց կողմից, «ովքեր ցանկանում էին հասնել նրան, որ կոմունիստական ​​ռեժիմի ճնշումների զոհերը երբեք չմոռացվեն»։ Կազմակերպության հիմնադիրների թվում էին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը և իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան։


2021թ․ դեկտեմբերի 29, ցույց Մոսկվայի պետական դատարանի մոտ՝ կազմակերպությունը լուծարելու դեմ 

Նոբելյան կոմիտեն նշում է, որ «ի լրումն ստալինյան ժամանակաշրջանի զոհերի մասին փաստագրման կենտրոն ստեղծելու, «Մեմորիալը» հավաքել և համակարգել է տեղեկատվություն Ռուսաստանում քաղաքական ճնշումների և մարդու իրավունքների խախտումների մասին»:

«Չեչենական պատերազմների ժամանակ «Մեմորիալը» հավաքել և ստուգել է տեղեկատվություն ռուսական և ռուսամետ ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացված չարաշահումների և ռազմական հանցագործությունների մասին: 2009 թվականին այս աշխատանքի պատճառով սպանվել է «Մեմորիալի» Չեչնիայի մասնաճյուղի ղեկավար Նատալյա Էստեմիրովան», – ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ։

2021 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվայի պետական դատարանը որոշեց լուծարել «օտարերկրյա գործակալ» ճանաչված «Միջազգային Մեմորիալ» կազմակերպությունը։

«Քաղաքացիական ազատությունների կենտրոնը» հիմնադրվել է Կիևում 2007 թվականին՝ նպատակ ունենալով խթանել մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Ուկրաինայում։ 

«2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը» ներգրավվեց Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի ռազմական հանցագործությունների բացահայտման և փաստագրման աշխատանքներին», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Անցյալ տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրներն էին «Новая Газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան՝ «արտահայտման ազատությունը պաշտպանելու իրենց ջանքերի համար, ինչը նախապայման է ժողովրդավարության և հարատև խաղաղության համար»։