Home / Բանակ / Խաղաղության Նոբելյան մրցանակը չպաշտպանեց եթովպացիներին պատերազմից՝ բռնաբարություններից և սովից

Խաղաղության Նոբելյան մրցանակը չպաշտպանեց եթովպացիներին պատերազմից՝ բռնաբարություններից և սովից

Տիգրայի պատերազմ

2019-ին հոկտեմբերին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած Եթովպիայի վարչապետը ավելի քան մեկ տարի զինված բախումների մեջ գտնվելուց հետո սոցցանցերում հայտարարել է, որ պատրաստ է գնալ առաջնագիծ։ ՄԱԿ-ը փաստում է, որ երկիրը գտնվում է լայնածավալ քաղաքացիական պատերազմի վտանգի տակ․ արդեն կան հազարավոր բռնաբարությունների, սպանությունների և բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին վկայություններ։

Ներկա իրավիճակը Եթովպիայում

Նոյեմբերի 2-ից Աֆրիկայի երկրորդ ամենաբնակեցված երկրում (118 մլն մարդ) արտակարգ դրություն է հայտարարվել․ հյուսիսում գտնվող Տիգրայ շրջանի հետ շուրջ մեկ տարի ձգվող հակամարտությունը լարվածության նոր փուլ է մտել, հաղորդվում է ապստամբների նոր տարածքային նվաճումների մասին։

Արտակարգ դրության շրջանակներում կառավարությունը դիմել է լայնամասշտաբ ձերբակալությունների․ կալանավորվել են այդ թվում նաև ՄԱԿ-ի աշխատակազմում ներառված 16 տիգրայիներ։ Նրանցից 7-ը ազատ են արձակվել, մյուսներին հակամարտությանը առնչվող մեղադրանքներ են առաջադրվել։ Ձերբակալությունները, ըստ ՄԱԿ-ի, կարող էին նաև էթնիկ բնույթ ունենալ․ ձերբակալվածների մեջ, ըստ նույն աղբյուրի, կան նաև երեխաներ և ծերեր։ Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը այդ մեղադրանքները ժխտում է։

Կենտրոնական կառավարությունը հոկտեմբերի 18-ից փաստացի շրջափակման մեջ էր պահում ապստամբների հսկողության տակ գտնվող շրջանը․ միջազգային հանրությունը մտահոգություն էր հայտնում, որ առողջապահական և հումանիտար օգնությունը Տիգրայ պարզապես չի հասնում։ ՄԱԿ-ը ահազանգել էր, որ շուրջ 400 հազար խաղաղ բնակիչ սովամահության վտանգի տակ է։

Նոյեմբերի 23-ին, վերջապես, 40 բեռնատար կարողացել են ուղևորվել դեպի Տիգրայ, տանելով հումանիտար օգնություն՝ այդ թվում սնունդ։ Վառելիքով և բժշկական պարագաներով բեռնված մեքենաները դեռ գտնվում են սպասման մեջ։

Տիգրայի ապստամբական ուժերը հանձնվելու մտադրություն չունեն։ Դրանք կազմված են «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատ»-ից (TPLF), որին միացել են «Օրոմոյի ազատագրման բանակ»-ը (OLA) և 7 այլ ընդդիմադիր խմբեր։ Դեռ նոյեմբերի սկզբին նրանք հայտարարել էին, որ գրավել են մայրաքաղաք Ադիս-Աբեբայից 325 կմ հեռավորության վրա գտնվող Կամիսե քաղաքը, և սպառնում էին արշավել դեպի մայրաքաղաք։ Նախնական տվյալներով այժմ նրանք գտնվում են մայրաքաղաքից 200կմ-ի վրա։

Նշվում է, որ նրանց դեմ Եթովպիայի զինված ուժերի հետ միասին հակամարտությանը մասնակցում է սահմանակից Էրիթրեան։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Էրիթրեայի նկատմամբ։ Վաշինգտոնը զգուշացրել է, որ հակամարտության շարունակության դեպքում սանկցիաներ կկիրառվեն նաև Եթովպիայի և Տիգրայի նկատմամբ։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կոնֆլիկտին ուշ է արձագանքել՝ գործող վարչապետի նկատմամբ վստահության բերումով։

Ռուսաստանում Եթովպիայի դեսպանը հայտնել է, որ մամուլը չափազանցնում է տեղի ունեցածը։ Պետության վիճակը, ըստ նրա, կայուն է, մայրաքաղաքը՝ լիովին անվտանգ և հասանելի տուրիստների համար։

Տիգրայիների մասին

Եթովպիայի տարբեր էթնիկ խմբերից մեկը լինելով և կազմելով բնակչության մոտ 6%-ը՝ տիգրայիները գրեթե 30 տարի շարունակ պահել են իշխանությունը իրենց ձեռքերում։ Նրանք տեղակայվում են Էրիթրեայի հետ սահմանի մոտ գտնվող Տիգրայում, որը երկրի 10 ինքնավար շրջաններից մեկն է։ Դեռևս 1991-ին գլխավորելով ապստամբների միությունը Եթովպիական ժողովրդի հեղափոխադեմոկրատական ճակատում՝ տիգրայիները տապալել էին պրոսովետական ռեժիմը։ TPLF-ը, գլխավորելով միությունը, սկսել էր կառավարել երկիրը մինչև 2018, երբ շարունակական հակակառավարական ցույցերի արդյունքում նրա դիրքերը թուլացան, վարչապետի պաշտոնակատար Հայլեմարիամ Դեսալեյնը հրաժարական տվեց։

Վերափոխումներ

Հայլեմարիամ Դեսալեյնին փոխարինելու էր եկել օրոմո էթնիկ խմբին պատկանող Աբիյ Ահմեդը, որը 2019-ի վերջին ցրեց իշխող կոալիցիոն կառավարությունը, ստեղծելով նոր «Բարգավաճման կուսակցություն»։ 

TPLF-ը հրաժարվեց միանալ նրան։

Նույն տարի հոկտեմբերի կեսերին Ահմեդը ստացել է «խաղաղության նոբելյան մրցանակ»՝ սահմանակից Էրիթրեայի հետ 1998-2000 հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու և 2018-ի հուլիսին խաղաղության համաձայնագիր կնքելու համար։

Ահմեդը ազատել է քաղբանտարկյալներին, փորձել է քանդել հիմնավորված հակակորուպցիոն մոդելը և առաջադրել է քաղաքական վերափոխումների նոր մոդել։ Սա դրդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկկողմ պաշտպանության համաձայնագիր ստորագրել նրա հետ։ Համաձայնագրի գործունեությունը կանգնեցվել է 2021-ի Օգոստոսին՝ Տիգրայի հետ կոնֆլիկտի կապակցությամբ։

Եթովպիան երկար ժամանակ համարվում էր ահաբեկչության դեմ միջազգային պայքարի մեջ կարևոր դաշնակից։ Ադիս-Աբեբան ակտիվ դերակատարում ուներ ՄԱԿ-ի տարբեր գործունեություններում։ Դրա դիմաց Եթովպիան ստանում էր հումանիտար օգնություն ԱՄՆ-ից, և մոտ 1 մլրդ դոլար ՄԱԿ-ի գործակալությունների կողմից։

Սկիզբ են առնում անհամաձայնություններ

Տիգրայ շրջանի և վարչապետ Աբիյի միջև տարաձայնույթյունները կրել են մշտական բնույթ։ Աբիյ Ահմեդը ձգտել է թուլացնել TPLF-ի ազդեցությունը երկրում։ Վերջինս իր հերթին չի ընդունել Ահմեդի իշխանությունը։ Հակասությունները վերածվել են բաց կոնֆլիկտի 2020-ի աշնանը, երբ պանդեմիայի պատճառով որոշվել էր հետաձգել ծրագրված խորհրդարանային և տարածաշրջանային ընտրությունները։ Դրանք, ըստ վարչապետի, պետք է դառնային երկրի պատմության մեջ ամենաբացն ու արդարը։

Տիգրայի առաջնորդները որոշման հետ համաձայն չէին, և անցկացրեցին սեփական տեղային ընտրությունները, որտեղ կրկին հաղթեց «ազատագրման ժողովրդական ճակատ»-ը։ Իշխանության կողմից ընտրություները ոչ օրինական ճանաչվեցին, և դադարեցվեց տարածաշրջանի ֆինանսավորումը։

Նոյեմբերի սկզբերին հայտնի էր դարձել, որ TPLF-ին Մեկելեի տարածքում (Տիգրայի կենտրոն) հարձակվել է կառավարական զորքերի վրա՝ կողոպտելու նպատակով։ Ի պատասխան, Ահմեդը տարածաշրջանում կազմակերպել էր ռազմական հարձակում, որի արդյունքում կառավարական զորքերը վերցրեցին Մեկելեն և վարչապետը հայտարարեց, որ ապստամբությունը կասեցվել է։

Աճող կոնֆլիկտ և ռազմական հանցագործություններ

Տիգրայիները, սակայն, չեն հանձնվել և չեն ընդունել պարտությունը։ 2021-ի հունիսին նրանք իրագործեցել են անսպասելի հարձակում, վերականգնելով Մեկելեում իրենց դիրքերը։

Երկու կողմի զորքերը մեղադրվում են տարբեր ռազմական հանցագործությունների` այդ թվում մեծաթիվ բռնաբարություններ իրագործելու մեջ։ Աբիյ Ահմեդի կառավարությունը մեղադրվում է նաև Էրիթրեայի զորքերը կոնֆլիկտի մեջ ներգրավելու և նրանց կողմից կատարվող մեծաթիվ հանցագործությունների մեջ։ 

Amnesty International կազմակերպությունը մեղադրում է TPLF-ին բռնաբարությունները որպես ռազմական մարտավարություն օգտագործելու մեջ։ Ըստ Amnesty-ի ճակատը պատասխանատու է նվաստացուցիչ բառապաշարով և առանձնակի դաժանությամբ ուղեկցվող բազմաթիվ խմբակային բռնաբարությունների համար։ TPLF-ը մեղադրվում է նաև 18 տարին չլրացած դեռահասներին զինվորական ծառայության ներքաշելու մեջ։ «Ազատագրման ժողովրդական ճակատ»-ը ժխտում է բոլոր մեղադրանքները։

Տիգրայում քանդված և ոչնչացված են բուժհաստատությունները, ինչի պատճառով տուժածները չեն կարողանում օգնություն ստանալ սկզբնական 72 ժամվա ընթացքում, ինչը հաճախ որոշիչ դեր է ունենում նրանց կենսավիճակի վրա։ Տարածաշրջանը գտնվում է կառավարական շրջափակման տակ, արգելափակված են բոլոր կապի միջոցները, ինտերնետը, էլեկտրաէներգիան և այլն։ Ստեղծված պայմաններում անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն կազմակերպելը ձախողվում է։

Հակամարտության երկու կողմն էլ առաջադրել են պայմաններ հրադադարի և բանակցություններ սկսելու համար։ Իրար պայմաններին կողմերը համաձայն չեն։