Home / Մարզեր / Բելառուսի ընդդիմության պնդմամբ, Կարմիր խաչը մասնակցել է ընտրախախտումներին

Բելառուսի ընդդիմության պնդմամբ, Կարմիր խաչը մասնակցել է ընտրախախտումներին

Բելառուսի ընդդիմությունը Կարմիր Խաչին մեղադրում է 2020 թվականի օգոստոսին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծարարությանը մասնակցելու մեջ։ Անկախ դիտորդների տվյալներով, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեցող մարդասիրական կազմակերպությունը ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար հազարավոր մարդկանց է ներգրավել։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հերքում է իրենց բելառուսական մասնաճյուղի՝ ընտրախախտումներում մասնակացություն ունենալու մեղադրանքը։

Բի-բի-սի-ն զրուցել է մի կնոջ հետ, ով հաստատել է, որ Մոգիլյովում ընտրական հանձնաժողովի կազմում գրանցվել է Կարմիր Խաչի բելառուսական մասնաճյուղի հորդորով։ Քվեարկության արդյունքների կեղծման հետ կապված մեղադրանքները, սակայն, կինը հերքել է։

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց անդամների մասնակցությունը ընտրական գործընթացներում անթույլատրելի է, ընդգծելով, որ եթե անգամ որոշ անդամներ ներգրավվել են ընտրական հանձնաժողովներում, ապա դա տեղի է ունեցել առանց կազմակերպության իմացության։

«Կարմիր խաչի բելառուսական մասնաճյուղն այժմ հետաքննությունն է իրականացնում», – ասվում է հայտարարության մեջ։

Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար փաստաթղթերում կազմակերպության գործունեության 7 առանցքային սկզբունքներ են թվարկված․ մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, միասնականություն, ունիվերսալություն։

«Մենք պնդում ենք, որ կազմակերպությունը անկողմնակալ և անկախ չէ։ Այն փաստացի գտնվում է տեղական իշխանությունների վերահսկողության տակ», – Բի-բի-սի-ի հետ զրույցում հայտարարել է բելառուսական միացյալ ընդդիմության կազմակերպություններից մեկի՝ «Ժողովրդական հակաճգնաժամային վարչության» (ԺՀՎ) ղեկավար Պավել Լատուշկոն։

ԺՀՎ-ն և «Գոլոս» հարթակը, որը օգոստոսի ընտրություններում ձայների անկախ հաշվարկ էր իրականացնում, պարզել են, որ տեղական Կարմիր խաչն ավելի քան 3 հազար մարդկանց գրանցել է որպես ընտրական հանձնաժողովի անդամ։ Ընդդիմության պնդմամբ, սա հակասում է կազմակերպության համար առանցքային համարվող չեզոքության և անկախության սկզբունքներին։

«Գոլոս» կազմակերպության ակտիվիստների պատրաստած աղյուսակում կարելի է տեսնել, որ ձայների հաշվարկի կոպիտ խախտումներ են գրանցվել բոլոր 362 ընտրական տեղամասերում, որոնցում աշխատում էին Կարմիր խաչի կողմից ներգրավված հանձնաժողովի անդամները։ Միացյալ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի օգտին հաստատված ձայների քանակը վերջնական արձանագրություններում անհամեմատ ավելի քիչ էր, քան ընտրողների ուղարկած քվեաթերթիկների լուսանկարներում․ «Գոլոսը» նախապես հորդորել էր ընտրողներին լուսանկարել իրենց քվեաթերթիկն ու ուղարկել անկախ դիտորդներին՝ արդյունքների այլընտրանքային հաշվարկ իրականացնելու համար։ Որոշ տեղամասերում ընտրական հանձնաժողովների հաստատած վերջնական արձանագրությունները և «Գոլոսի» հաշվարկած տվյալները տարբերվում են մի քանի անգամ։

Հատկանշական է նաև այն, որ բելառուսական Կարմիր խաչի պրեզիդիումի նախագահ Դմիտրի Պինևիչի լիազորությունները վերջին շրջանում անսպասելիորեն ընդլայնվել են։ Նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց Պինչիչը, ով մինչ այդ զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, ստանձնել է նախարարի լիազորությունները։ Նրա նշանակման մասին հայտարարել է անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն։