Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները։
Օմբուդսմենին տարիներ շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են և մասնավորապես վերաբերում են միևնույն իրավիճակներում իրարից խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելուն:
ՄԻՊ-ը առանձնացնում է հետևյալ խնդիրները․
1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը,
2) Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն,
3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն։
Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարևոր գործոն:
ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ թեև 2020 թվականին ընդունվել է Արդարադատության նախարարության հրամանով հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ նախատեսող, նախարարության կողմից մշակված նախագիծը, վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաև 2020 և 2021 թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից օմբուդսմենին հասցեագրվող բողոքները։
«Առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ:
Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաև Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որևէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների և կամայականության ռիսկերը», – նշում է ՄԻՊ-ը:
Տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, ինչպես նաև հիմնարկի տեսակը փոխելու հարցերը: