Ռուսաստանի Քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ է հարուցել Մախայիլ Խաչատուրյանի նկատմամբ, ում սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը՝ Կրեստինան, Անգելինան, Մարիան։ Այս մասին «Նովայա Գազետա»-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
«Մենք նման տեղեկություններ ունենք, բայց պաշտոնապես մեզ այդ մասին չեն ծանուցել։ Եթե սա ճիշտ է, իսկ մենք սրան սպասում էինք, ապա հիմա Միխայիլ Խաչատուրյանի գործով պատշաճ լիարժեք քննություն կսկսվի՝ ստուգված բոլոր հոդվածներով»։ Փաստաբանի խոսքով, մեղադրանքները հիմնականում ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոեվածներով են՝ 132 («սեռական բնույթի բռնի գործողություններ»), 133 («սեռական բնույթի գործողությունների հարկադրանք»), 117 («խոշտանգում»)։
«Մեզ դեռ չեն կանչել, ծանուցում չեն ուղարկել։ Ինֆորմացիայի մեր աղբյուրը, սակայն, վստահելի է», — ասել է Լիպցերը։ Խաչատուրյան քույրերի մյուս փաստաբանը՝ Ալեքսեյ Պարշինը, «Նովայա Գազետայի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեղադրանքի հստակ հոդվածների մասին ոչինչ ասել դեռևս չի կարող։
2020 թվականի դեկտեմբերին Մոսկվայի Բասմանյան դատարանն ապօրինի էր ճանաչել Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մերժումը։ Փաստաբան Լիպցերն այն ժամանակ հայտարարել էր, որ ընթացիկ գործում որպես մեղադրյալ ներկայացված քույրերը՝ Կրեստինան, Անեգլինան, Մարիան, նոր գործում ներգրավված կլինեն որպես տուժող կողմ։
Խաչատուրյան քույրերի գործը
2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում հայտնաբերվել էր 57-ամյա Միխայիլ Պաչատուրյանի դին՝ կտրող-ծակող գործիքների բազմաթիվ վնասվածքներով։ Տղամարդու սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը՝ 17-ամյա Մարիան, 18-ամյա Անգելինան և 19-ամյա Կրեստինան, ովքեր էլ հենց ոստիկանություն էին զանգել։
Առանց փաստաբանների կայացած առաջին հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանական ցուցմունք են ներկայացրել։ Պատմել են, որ հայրը տարիներ շարունակ բռնություն է գործադրել իրենց նկատմամբ և ոտնձգությունների ենթարկել։ Սպանության օրը հայրը հերթով իր մոտ է կանչել քույրերին ու գաղապղպեղ փչել դեմքներին՝ տունը ոչ բավարար հավաքելու համար։
2018-ի օգոստոսին քույրերին մեկուսարան էին տեղափոխել։ Երկու ամիս անց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց․ տնից չէին կարող դուրս գալ երեկոյան իննից հետո, չէին կարող օգտվել կապի միջոցներից, չէին կարող հանդիպել։
Փաստաբանները պնդում էին, որ քույրերն իրենց գործողությունները սպոնտան են իրականացրել՝ անհրաժեշտ ինքնապաշտպանությունից դրդված։ Քննությունն ի վերջո որոշեց, որ կատարվածը կանխամտածված սպանություն է։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական բռնություն է գործադրել քույրերի նկատմամբ, սեռական ոտնձգությունների ենթարկել, ինչի խատճառով քույրերի մոտ հոգեբանական խանգարում է ձևավորվել՝ «դաժան վերաբերմունքի սինդրոմ» կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։