Home / Կանանց իրավունքներ / Խաչատուրյան քույրերի մեղադրանքը չի վերաորակավորվել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն

Խաչատուրյան քույրերի մեղադրանքը չի վերաորակավորվել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործը վերաորակավորել անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

Կանխամտածված սպանության մեղադրանքն անհրաժեշտ ինքնապաշտպանության փոխելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել գլխավոր դատախազությունը։

«Քննությունը որակավորումը չփոխեց», – պատմեց Լիպցերը։ Նրա խոսքով, գործի քննությունն ավարտված է, շուտով կսկսվի կողմերի ծանոթությունը գործի և դրան կից նյութերի հետ։

Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները մեղադրվում են 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Սպանությունից հետո քույրերն իրենք են ոստիկանություն զանգել։ Պաշտպանող կողմը պնդում է, որ նրանց գործողությունները եղել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում, քանի որ երեք քույրերը տարիներ շարունակ ոտնձգությունների են ենթարկվել հոր կողմից։

Ոտնձգությունների փաստը հաստատվել է դատական փորձաննությամբ։ Քույրերին, սակայն, մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության հոդվածով։

Գործը հասարակական մեծ ռեզոնանս է առաջացրել։ Քույրերի պաշտպանության համար սկսված արշավը ընտանեկան բռնության մասին քննարկումների առիթ էր դարձել։ Ռուսաստանում և Ռուսաստանից դուրս տարբեր քաղաքներում աջակցության ակցիաներ ու երթեր են կազմակերպվել։ Սատարող ելույթներ են ունեցել System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, լրագրող հաղորդավար Յուրի Դուձը, Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը։

Հունվարին գլխավոր դատախազությունը նախաքննությանը կոչ էր արել քույրերի գործողությունները որակել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։ Ավելի վաղ փոխդատախազ Վիկտոր Գրինը մեղադրական եզրակացությունը հետ էր ուղարկել քննության, նշելով, որ այն մի շարք սխալներ ու բացթողումներ է պարունակում։ Դատախազությունը նշել էր, որ քույրերը բռնարար հորից պաշտպանվելու իրավունք ունեին՝ ցանկացած եղանակով։