Մայիսի 10-ին կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Պաշտպանության բանակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանը։ Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր՝ մայիսի 13-ին, ձերբակալվել են ավագ սպա, լեյտենանտ Հ․Հ․-ն և պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ․Ս․-ն։
Լեյտենանտը կասկածվում է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, իսկ կրտսեր սերժանտը՝ նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։
«Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն:
Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն», – ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։