Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Մայիսի 13-ի նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելը:
Անցած ուրբաթ դատարան էին եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետները՝ երաշխավորելով սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի ազատության համար։
Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Ղարաբաղի կառավարության նախկին ղեկավար Անուշավան Դանիելյանը իրենց երաշխավորության մեջ նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։
Տևական ժամանակ հիվանդանցում գտնվող Քոչարյանը նախօրեին վիրահատվել է։ Թե ինչ առողջական խնդիր է նա ունեցել, չի ասվում։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին: