Նախկին վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին անդամ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։
Կարապետյանը 2016 թվականի ապրիլին որևէ պաշտոն չի զբաղեցրել, բայց 2017 թվականի մարտի 1-ին արդեն վարչապետի պաշտոնում՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, հայտարարել էր, որ «ունենք կասկած, որ վառարանային վառելիքը կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: ․․․ապրիլյան [պատերազմի] ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։ Հավանական է, որ Կարապետյանը հանձնաժողով էր հրավիրվել հենց այս հայտարարության պատճառով:
Հանձնաժողովի դռնփակ նիստը տևեց ընդհամենը 1 ժամ։ Սա ամենակարճ նիստն էր հանձնաժողովի գրեթե մեկամյա պատմության ընթացքում։ Նիստից հետո նախկին վարչապետ Կարապետյանն ու քննիչ հանձնաժողովի նախագահ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դուրս եկան լրագրողների մոտ։ Հարցերի պատասխանները հիմնականում խուսափողական էին․ կոնկրետ ինչ է քննարկվել՝ չնշեցին, երկուսն էլ, սակայն, կարծում էին, որ անպատասխան հարցեր չեն մնացել։ Կարապետյանը նշեց, որ անորակ դիզվառելիքի վերաբերյալ իր հայտարարությանը հանձնաժողովն անդրադարձել է։ Պարզաբանումները տրվել են։
Ճեպազրույցի ընթացքում նա խոսեց նաև նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարապետյանը ևս 3 նախկին վարչապետների (Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, նաև՝ Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը) հետ միասին մայիսի 8-ին ներկայացել էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին և հանդես եկել անձնական երաշխավորությամբ՝ վերջինիս կալանքը վերանայելու և ազատ արձակելու համար։ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 13-ին։
Լրագրողների հարցին՝ ինչու է որոշել Քոչարյանի երաշխավորը դառնալ, Կարապետյանը պատասխանեց, որ շահագրգռված է, իհարկե, որ Մարտի 1-ի հետ կապված հարցադրումներին «տրվի մաքիսմալ գնահատական, որ բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի», բայցև «հարգում է և գնահատում Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության գործընթացում», և քանի որ դատավարությունն արդեն գրեթե երկու տարի ձգվում է, և հավանական է, որ դեռ երկար կարող է տևել, նա միջնորդություն է ներկայացրել, որ խափանման միջոցը փոխվի։
Հարցին՝ համարում է արդյոք, որ Քոչարյանի դատավարությունը քաղաքական հետապնդում է, Կարապետյանը պատասխանել է, որ այդ «պրոցեսը բավականին գրգռված ու քաղաքականացված է»:
Նիստից հետո Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի համար անպատասխան հարցեր չեն մնացել։ Հանդիպման տևողությունը պայմանավորված էր հարցերի քանակով, որոնց բովանդակությանը տիրապետում էր հրավիրված պաշտոնյան։ Նա նույնպես հաստատեց, որ դիզվառելիքի անորակության և դրա հետևանքներին վերաբերող հարցին Կարապետյանը հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է, միևնույն ժամանակ ընդգծեց՝ հանձնաժողովը չի հենվում միայն Կարեն Կարապետյանի պատասխանների վրա, այդ հարցի կապակցությամբ այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություններ են արվել։ Նա կարևորեց նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի բացատրությունները։ Վերջինս քննիչ հանձնաժողովի նիստին ներկայացել էր ապրիլի 27-ին։
Այժմ, ըստ Քոչարյանի, հանձնաժողովը Ռուսաստանում Հայաստանի դեպսպանության միջոցով հրավեր է ուղարկել Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Նալբանդյանն Մոսկվայում է։ «Պատրաստ ենք դեսպանատան աջակցությունն ունենալով նաև տեսակապով աշխատել` հաշվի առնելով այս վիրուսի առկայությունը», – նշել է Քոչարյանը:
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2019 թվականի հունիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հիմնական նպատակն է՝ հասկանալ, ի՞նչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին, արդյո՞ք կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք նվազեցնել դրանք, որո՞նք են մարդկային, տարածքային կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։
Հանձնաժողովը ստեղծվել էր վեց ամիս ժամկետով՝ ևս վեց ամիս ժամկետ ավելացնելու հնարավորությամբ։ Այն աշխատում է դռնփակ նիստերի ձևաչափով: Նշված ժամկետի վերջում քննիչ հանձնաժողովը հանդես է գալու ամփոփիչ եզրակացությամբ։
Հանձնաժողովն արդեն հանդիպել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ: Հանձնաժողով են եկել նաև Հայաստանի նախկին նախագահ, նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը (ապրիլի 16-ին) ու պատերազմի ժամանակ Ղարաբաղի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանը:
2016 թվականին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովի նիստին ներկայանալ հրաժարվել էր։