Home / Դատարան / Խաչատուրյան քույրերի գործը կքննեն ատենակալները

Խաչատուրյան քույրերի գործը կքննեն ատենակալները

Հոր սպանության մեջ մեղադրվող ավագ Խաչատուրյան քույրերի գործը դատարանը կքննի ատենակալների մասնակցությամբ։ Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը։ Կրտսեր քրոջ դատավարությունը կիրականացվի Մոսկվայի Բուտիրսկի դատարանում փակ ռեժիմով, գրում է Բի-բի-սի ռուսական ծառայությունը։

Փաստաբան Ալեքսեյ Լիպցերը պատմում է, որ ատենակալների ընտրությունը կմեկնարկի օգոստոսի 31-ին և կընթանա բաց ռեժիմով․ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հարցեր տալ և, անհրաժեշտության դեպքում, հեռացնել թեկնածուներին։ Կոլեգիան կազմված կլինի ութ հիմնական և մի քանի պահուստային ատենակալներից։

Ավագ քույրերին՝ Անգելինային ու Կրեստինային, մեղադրանք էր առաջադրվել կանխամտածված սպանության հոդվածով, ինչը 8-20 տարվա ազատազրկում է նախատեսում։

Կրտսեր քրոջը՝ Մարիային, կդատեն առանձին կարգով։ Փորձագետները հաստատել են, որ սպանության պահին նա անմեղսագիտակ վիճակում է եղել և չի կարող պատասխանատվություն կրել իր գործողությունների համար։ Մոսկվայի Բուտիրսկի դատարանում նրա գործի քննությունը կսկսվի օգոստոսի 10-ին։ Աղջկան կարող են հարկադիր բուժման ուղարկել։

Մոսկվայի քաղաքային դատարանում կայացած նախորդ նիստի ժամանակ տուժող կողմը խնդրել է գործը դատախազություն ուղարկել ճշտելու համար, արդյո՞ք մեղադրյալները նենգ դռդապատճառներ են ունեցել։ Երկուշաբթի օրը դատարանն այդ միջնորդությունը մերժել է։

Խաչատուրյան քույրերի գործը

2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում հայտնաբերվել էր 57-ամյա Միխայիլ Պաչատուրյանի դին՝ կտրող-ծակող գործիքների բազմաթիվ վնասվածքներով։ Տղամարդու սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը՝ 17-ամյա Մարիան, 18-ամյա Անգելինան և 19-ամյա Կրեստինան, ովքեր էլ հենց ոստիկանություն էին զանգել։

Առանց փաստաբանների կայացած առաջին հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանական ցուցմունք են ներկայացրել։ Պատմել են, որ հայրը տարիներ շարունակ բռնություն է գործադրել իրենց նկատմամբ և ոտնձգությունների ենթարկել։ Սպանության օրը հայրը հերթով իր մոտ է կանչել քույրերին ու գաղապղպեղ փչել դեմքներին՝ տունը ոչ բավարար հավաքելու համար։

2018-ի օգոստոսին քույրերին մեկուսարան էին տեղափոխել։ Երկու ամիս անց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց․ տնից չէին կարող դուրս գալ երեկոյան իննից հետո, չէին կարող օգտվել կապի միջոցներից, չէին կարող հանդիպել։

Փաստաբանները պնդում էին, որ քույրերն իրենց գործողությունները սպոնտան են իրականացրել՝ անհրաժեշտ ինքնապաշտպանությունից դրդված։ Քննությունն ի վերջո որոշեց, որ կատարվածը կանխամտածված սպանություն է։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական բռնություն է գործադրել քույրերի նկատմամբ, սեռական ոտնձգությունների ենթարկել, ինչի խատճառով քույրերի մոտ հոգեբանական խանգարում է ձևավորվել՝ «դաժան վերաբերմունքի սինդրոմ» կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։