Home / Բանակ / Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում

Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում

Ռուսաստանցի ուժայինները Գյումրիում առևանգել և ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք էին տեղափոխել ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որին Ռուսաստանում մեղադրում են դասալքության մեջ։ Այսօր հայտնի է դարձել, որ Սետրակովին տարել են Ռուսաստան։ Իրավապաշտպանները նրան հայտնաբերել են Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանության մեկուսարանում։

Հայաստանի տարածքում մարդ ձերբակալելու իրավունք Ռուսաստանի ուժային կամ հատուկ ծառայությունների աշխատակիցները չունեն՝ դա վերապահված է բացառապես հայաստանյան իրավապահներին։ 39-ամյա տղամարդու առևանգմանը հայաստանյան կառույցները չեն մասնակցել։ Ինչպես է նա հատել Հայաստանի սահմանը և տեղափոխվել Ռուսաստան՝ հայտնի չէ։

«Դմիտրի Սետրակովը հիմա Դոնի Ռոստովում է՝ Բուդյոնովսկի 66 հասցեում։ Այնտեղ է գտնվում Հարավային ռազմական շրջանի ռազմական ոստիկանության վարչությունը։ Հիմա մենք փաստաբան ենք փնտրում Դմիտրիի համար։

Հիշեցնենք, որ մոբիլիզացված, զորամասը լքած և մեր օգնությամբ երկրից գնացած Դմիտրի Սետրակովին ձերբակալել են Գյումրի քաղաքում։ Այդ մասին մենք իմացել ենք նրա կնոջից․ [անհայտ անձինք] զանգահարել են նրան և ներկայացել որպես Հայաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ։ Ինչպես պարզվել է հետագայում՝ Դմիտրիի կնոջը զանգել էին ռուս զինվորականի հեռախոսահամարից, իսկ նրան՝ պահել Գյումրիի ռուսական բազայում։

Ըստ էության, ռուս զինվորականները առևանգել են նրան մեկ այլ ինքնիշխան պետության տարածքից և հետ տարել Ռուսաստան։ Մենք հույս ունեինք, որ բարձրաձայնելը կկանխի նրա արտաքսումը։ Ցավոք սրտի, դա չաշխատեց», – գրել է «Идите лесом» («Քայլիր անտառով») իրավապաշտպան նախաձեռնությունը։

Ավելի վաղ հայաստանցի իրավապաշտպանները ահազանգել էին՝ Սետրակովին հայաստանյան իրավապահները չեն ձերբակալել, նրան ապօրինաբար առևանգել են ռուսական բազայի ռազմական ոստիկանները։ Ռուս ուժայինները Հայաստանի տարածքում մարդ ձերբակալելու իրավունք չունեն՝ դա վերապահված է բացառապես հայաստանյան կառույցներին։ Ըստ կարգի՝ ռուսական կողմը հետախուզվող քաղաքացու հայտնաբերման համար պետք է հենց նրանց դիմի։ Նման դիմում չի եղել։

«Ես գտնում եմ, որ սա ոտնձգություն է Հայաստանի իրավական համակարգի դեմ, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դեմ», – նշել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա հետ զրույցում ռուսական բազայից հաստատել էին՝ Սետրակովն իրենց մոտ է, «27 օր կենթարկվի հաուպտվախտի», «քննությունը կիրականացվի Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 519 ռազմաօդային ինչ-որ ստորաբաժանման քննչական բաժնի կողմից»։

Դեպքի առթիվ Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազին՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից կատարված ապօրինի գործողությունների առթիվ քրեական գործ հարուցելու, Դմիտրի Սետրակովի հնարավոր տեղափոխումը արգելելու և կանխելու համար։

տե՛ս Ռուս զինվորականները մարդ են առևանգել Գյումրիում․ «Պուտինի հրամանն է»

Հայտնվել է առաջնագծում, փախել է հոսպիտալից

39-ամյա Դմիտրի Սետրակովին ապրում էր Ռոստովի մարզում։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց՝ 2022 թվականի սեպտեմբերի վերջին նրան զորակոչել են բանակ։

«Идите лесом» իրավապաշտպան նախաձեռնության հիմնադիր Գրիգորի Սվերդլինի խոսքով՝ տղամարդը իրավապաշտպաններին է դիմել այս տարվա նոյեմբերին։ Պատմել է, որ զորակոչելուց հետո իրեն Ռոստովից տարել են նախ Չեչնիա՝ Բորզոյ գյուղ, իսկ հետո՝ Ուկրաինայի օկուպացված Դոնեցկի մարզ։ Զորակոչիկներին տեղակայել են Դոկուչաևսկի մոտ գտնվող հրաձգարանում։ Մոտ երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 18-ին, տարել են առաջնագիծ։  «Մի քանի հոգի այդ ընթացքում զոհվել է», – իրավապաշտպաններին պատմել է տղամարդը։ Մի քանի օր հետո զինծառայողներին վերադարձրել են հրաձգարան, իսկ հետո՝ տեղափոխել Զապորոժիեի մարզ։ Զապորոժիեի ուղղությամբ անցած տարվա ամռանը թեժ մարտեր էին։

«Ապրում էինք դիրքերում, խրամատների մեջ։ Հետ էինք մղում գրոհները։ Լիքը զոհեր կային», – պատմել է Սետրակովը։

2023-ի ապրիլին նա վնասվածք է ստացել և հոսպիտալացվել օկուպացված Տոկմակում գտնվող հոսպիտալ։ Հոսպիտալից զորակոչիկը փախել է՝ նստել է տաքսի և վերադարձել տուն։

Մի քանի ամիս՝ մինչև 2023-ի սեպտեմբերի կեսերը, Սետրակովը թաքնվել է, հետո նրա կնոջը զանգել են և ասել, որ նա հետախուզման մեջ է։ Տղամարդը հոժարակամ հանձնվել է իրավապահներին։

Նրան ձերբակալել են և տարել Դոնի Ռոստովի՝ զինվորականների համար նախատեսված ՁՊՎ։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 337-րդ հոդվածի 5-րդ մասով՝ զորամասը ինքնակամ լքելու համար։ Սետրակովին հասցրել են մեկ անգամ հարցաքննել։

Արդեն այս տարվա նոյեմբերին նրան ուղարկել են ռազմաբժշկական հանձնաժողով՝ փորձաքննության։ Այնտեղից նա փախուստի է դիմել։ Իրավապաշտպանների օգնությամբ լքել է Ռուսաստանը և հայտնվել Հայաստանում։

4bafc260-977d-11ee-91bf-230bfab3fcba
Դմիտրի Սետրակովը

Հայաստանի համար առաջին դեպքն էր

Թե ինչպես է դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանից հայտնվել Գյումրիում՝ «Идите лесом»-ի իրավապաշտպանները դեռ չեն հասկանում։

Ձերբակալությունից հետո Սետրակովը զանգել է կնոջը և պատմել, որ փողոցում քայլելիս իրեն են մոտեցել անհայտ անձինք, ներկայացել են որպես Հայաստանի ռազմական ոստիկանության ծառայողներ և ձերբակալել։ «Հետո նա հայտնվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում։ Ակնհայտ է, որ նրան ձերբակալել են ոչ թե հայ ոստիկանները, այլ ռուսական ուժային կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները», – BBC-ին ասել է ռուս իրավապաշտպանը։

Սետրակովին ընդամենը մեկ զանգի իրավունք են տվել, կնոջ հետ նա բարձրախոսով է խոսել։ 

«Идите лесом»-ի գործունեության ընթացքում սա Ռուսաստանից փախած զինվորականի ձերբակալության/առևանգման առաջին դեպքն է։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ներգաղթած ոչ մի ռուսաստանցու Հայաստանը այս ընթացքում չի արտահանձնել՝ համենայն դեպս, նման դեպքերի մասին չի բարձրաձայնվել։ Արտահանձնման դեպքեր են եղել Ղազախստանից և Ղրղզստանից։