Ռուսական 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին։
Հայաստանցի իրավապաշտպանների տվյալներով, Սետրակովը Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան։
թարմացում — «Идите лесом» իրավապաշտպան նախաձեռնության անդամները ավելի ուշ Epress.am-ին պարզաբանել են՝ 39-ամյա Սետրակովը պայմանագրային չի եղել, նա զորակոչվել է 2022-ի սեպտեմբերին, տարվել է Ուկրաինա, 2023-ի ապրիլին վիրավորվել է և փախել հոսպիտալից։ 2023-ի սեպտեմբերին նրան ձերբակալել են Դոնի Ռոստովում։ Նոյեմբերին տղամարդուն ուղարկել են ռազմաբժշկական հանձնաժողով, այնտեղից նա կարողացել է փախչել և իրավապաշտպանների օգնությամբ լքել Ռուսաստանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) ահազանգն ստացել է ռուսաստանյան գործընկերներից, որոնց դիմել է Սետրակովի կինը։ Նրան զանգահարել են 102-րդ ռազմաբազայից ու տեղեկացրել ամուսնու ձերբակալման մասին։ ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը նույն համարին է զանգահարել՝ իր հետ զրույցում հաստատել են, որ տղամարդը ձերբակալված է։
«Հայտնեցին, որ 27 օր նա կենթարկվի հաուպտվախտի, և քրեական գործի քննությունը կիրականացվի 519 ռազմաօդային ինչ-որ ստորաբաժանման ռուսական, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում, քննչական բաժնի կողմից, և այնուհետև կդատապարտվի հանցագործության այդ առաջադրված հիմքով: Իսկ իմ հարցին՝ որտե՞ղ է նա պատիժը կրելու, եթե դատարանը ճանաչեց նրան մեղավոր, հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնությունում», – «Ազատությանը» փոխանցեց Արթուր Սաքունցը:
Ռուսական կողմի հետ կապ հաստատելուց առաջ Սաքունցը ճշտել է, որ Սետրակովին հայաստանյան իրավապահները չեն ձերբակալել։ Մինչ այդ, ռուսական ռազմական ոստիկանները Հայաստանի տարածքում մարդ ձերբակալելու ձերբակալելու իրավունք չունեն՝ դա վերապահված է բացառապես հայաստանյան իրավապահներին։ Ըստ կարգի՝ ռուսական կողմը հետախուզվող քաղաքացու հայտնաբերման համար պետք է նրանց դիմի։ Ռազմաբազայի գործողություններն այս հարցում, իրավապաշտպանի գնահատմամբ, անօրինական են։
«Ես գտնում եմ, որ սա ոտնձգություն է Հայաստանի իրավական համակարգի դեմ, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դեմ, որովհետև չի կարող նման բան լինել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ այլ պետության իրավապահ մարմինները գործեն ինչպես իրենց սեփական պետության տարածքում կարող են գործել», – ասել է իրավապաշտպանը:
Ի դեպ, դեկտեմբերի 9-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող մի 20-ամյա տղամարդու ձերբակալության մասին։ Նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայկական կողմն արդեն տեղեկացրել է Ռուսաստանին տղամարդու հայտնաբերման մասին։
Ինչ վերաբերում է Դմիտրի Սետրակովին, ապա իրավապաշտպան Սաքունցը նրա հարցով արդեն դիմել է գլխավոր դատախազին. «Որպեսզի քրեական վարույթ հարուցվի, և ձեռք առնվեն բոլոր միջոցները Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ապօրինի գործողությունների հիմքով, փաստով, և նաև ջանքեր գործադրվի, որպեսզի արգելվի կամ կանխվի Դմիտրի Սետրակովի հնարավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնություն»:
Սաքունցը ռազմաբազայից նաև հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ են Սետրակովին ձերբակալել. – «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն է, որ նման բոլոր հրաժարվողներին ձերբակալեն: Այսինքն, դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում»:
Չի կարող մեկ այլ երկրի նախագահի հրամանը տարածվել մեկ այլ սուվերեն պետության վրա՝ ընդգծել է Սաքունցը։ Այս պարագայում վտանգված է Հայաստանում ապաստանած հազարավոր ռուսաստանցիների անվտանգությունը, ու սա լուրջ մարտահրավեր է հենց Հայաստանի իշխանությունների համար, ովքեր Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններ ունեն։
«Որովհետև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ունի պարտավորություն՝ իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքի պաշտպանության առումով, և եթե թույլ տրվի նման գործողություն, ապա մեծ է ռիսկը, որ Դմիտրի Սետրակովը կարող է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, խոշտանգումների»: