Զորակոչման ենթակա ռուսաստանցիներին կարգելեն լքել երկիրը։
Ապրիլի 11-ին Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում փոփոխությունների փաթեթը:
Զորակոչման ծանուցագրերն այժմ կուղարկվեն «Պետծառայություններ» (Госуслуги) հավելվածի միջոցով, ինչից հետո ելքը Ռուսաստանից կարգելվի։ Կստեղծվի նաև զորակոչիկների միասնական ռեգիստր։ Ծառայությունից խուսափողները չեն կարողանա վարկ ձևակերպել, մեքենա վարել և այլն։
Օրինագծի նախորդ տարբերակը երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր դեռևս 2022-ի փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ պատերազմի նախաշեմին։ Երրորդ ընթերցմանը, սակայն, հարցն այդպես էլ չէր հասել։ Օրինագիծը՝ մի շարք էական փոփոխություններով, օրակարգ է վերադարձվել 2023 թվականի մարտի 30-ին։ Քվեարկությունից ժամեր առաջ Պետդումայի կայքում հրապարակվել է տասնյակ էջերից բաղկացած հսկայական մի փաստաթուղթ, որով առաջարկվող փոփոխությունները, հակառակ ռուսաստանցի օրենսդիրների հավաստիացումների, հեռու էին լոկ տեխնիկական լինելուց։
Ըստ էության, դրանք Ռուսաստանում զորակոչի բոլորովին նոր համակարգ են ստեղծում։
ի՞նչ է լինելու
Ամենակարևոր նորարարությունը զինհաշվառման թվային ռեգիստրն է։ Ռեգիստրը վարելու են զինկոմիսարիատները, այն անմիջապես կապվելու է «Պետծառայություններ» հավելվածի հետ։
Նախկինում հաշվառման համար անհրաժեշտ էր զինկոմ գնալ, բուժզննում անցնել, ստանալ Գենկոմիսարիատի համապատասխան որոշումը։ Այժմ «ցուցակագրելու» են նույնիսկ այն զորակոչիկներին, որոնք չեն ներկայացել վայենկոմատ։
Որպես պահեստազորային կարող են հաշվառեն նույնիսկ զինմասնագիտացում ստացած կանանց, 27 տարին լրացած և «առանց օրինական հիմքերի» ծառայությունից խուսափած տղամարդկանց։ Զորահավաքների ժամանակ զորակոչելու են նաև նրանց։
2022-ի սեպտեմբերին հայտարարված զորահավաքը, ի դեպ, հակառակ իշխանությունների հայտարարությունների՝ դեռ չի ավարտվել։
Թվային ռեգիստրում պահվելու են զորակոչի ենթակա մարդկանց
— անձնագրային, ապահովագրական և հարկային տվյալները,
— փաստացի բնակության հասցեն՝ անկախ նրանից, գրանցված է քաղաքացին այնտեղ, թե ոչ (տվյալները տրամադրելու է ՆԳՆ-ն)
— օտարերկրյա պետության քաղաքացիության կամ կացության իրավունքի առկայությունը,
— Աշխատանքի և գործատուի մասին տեղեկություններ,
— Կրթության և կրթական հաստատության մասին տեղեկատվություն,
— Տեղեկություններ քաղաքացու առողջական վիճակի մասին,
և մի շարք այլ՝ անձնական և ընթացակարգային տվյալներ։
Տվյալները հավաքագրվելու են ՆԳՆ-ից, հարկային ծառայությունից, դատարաններից, կենսաթոշակային և սոցապահովագրության հիմնադրամներից, ՏԻՄ-երից, բուժհաստատություններից, Կրթության նախարարությունից, կրթական հաստատություններից, ԿԸՀ-ից․․․։ Այս կազմակերպություններից շատերն արդեն իսկ տեղեկատվություն էին տրամադրում զինկոմիսարիատին․ այժմ ինֆորմացիան կհամակարգվի և կպահվի կենտրոնացված թվային գրանցամատյանում։
չեն էլ ծանուցագրելու
Զորակոչման ծանուցագրերն այսուհետ ուղարկվելու են բնակության վայր՝ փոստային պատվիրված նամակով, կամ էլեկտրոնային ճանապարհով՝ «Պետծառայություններ» հավելվածին։
Փոստով ուղարկված ծանուցագրերը հանձնված կհամարվեն, եթե փոստատարը նշի նամակը փոխանցելու մասին։ Ընդհանուր կանոնով, պատվիրված նամակները ստորագրությամբ հանձնվում են անձամբ հասցեատիրոջը կամ նրա լիազորված ներկայացուցչին։
Բայց փոստատարից թաքնվելն այլևս չի աշխատի. նամակն ուղարկելուց յոթ օր հետո ծանուցագիրը ավտոմատ համարվելու է հանձնված։ Ընդ որում՝ նշանակություն չունի, հասցեատերը ստորագրել է այն, թե ոչ։
Էլեկտրոնային ծանուցագրերի դեպքում՝ ավելի վատ․ դրանք համարվելու են «հանձնված» հավելվածի անձնական հաշվում տեղադրվելուց անմիջապես հետո։
Նույնիսկ եթե անձը «Պետծառայություններ» հավելվածից չի օգտվում, հենց փաստաթուղթը հայտնվի ծանուցագրերի ռեգիստրում, դրանից 7 օր հետո այն համարվելու է հանձնված։
Տեսականորեն, ըստ իրավաբանների, հնարավոր է նախօրոք ջնջել «Պետծառայություններ» հաշիվը, որ հնարավոր լինի օգտվել այդ 7 օրվա ժամկետից՝ մինչև ծանուցագիրը համարվի հանձնված։ Երբ այն հանձնված համարվի, Ռուսաստանը լքել այլևս չի ստացվի։
իսկ եթե, այնուամենայնիվ, չներկայանալ
Օրինագիծը միանգամից մի քանի էական սահմանափակումներ է մտցնում զորակոչից խուսափողների համար։
Նախ՝ երկրից դուրս գալու արգելքը։ Այս սահմանափակումն ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, մինչև անձը չներկայանա զինկոմիսարիատ։
Ելքը արգելելու մասին որոշումը կայացնում է զինկոմը, որը տեղեկությունը մուտքագրում է մատյանում և հաստատում թվային ստորագրությամբ։ Այսինքն՝ ելքի սահմանափակման համար դատարանի որոշում չի պահանջվում (արգելքը կարող է վիճարկվել դատարանում, այնուամենայնիվ, հայցի ողջ ընթացքում այն ուժի մեջ կմնա)։
Ծանուցագրում նշված օրվանը հաջորդող 20-օրյա ժամկետում զինկոմիսարիատ չներկայացող անձանց համար կկիրառվեն մի շարք ժամանակավոր սահմանափակումներ՝ կարգելվի մեքենա վարելը, վարկ ստանալը, անշարժ գույք վաճառելն ու գնելը, ԱՁ գրանցելը և այլն: Բացի այդ, տեղական իշխանությունները լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու իրավունք կունենան՝ անձին զրկելով «վճարներից, նպաստներից, տարատեսակ աջակցություններից և այլ արտոնություններից»։
Բոլոր այս արգելքները կարող է կիրառել նաև զինկոմը՝ էլեկտրոնային գրանցամատյանում պարզապես գրառում կատարելով։ Սահմանափակումները ևս կարող են վիճարկվել դատարանում: Սահմանափակման մասին ծանուցումները նույնպես հրապարակվում են «Պետծառայություններ» հավելվածում։
Ռուսաստանում «մասնակի» մոբիլիզացիան ավարտված չէ՝ անկախ նրանից, թե ինչ են ասում այդ մասին պաշտոնյաները։ Ծանուցագրերի զանգվածային առաքումը՝ այժմ նաև «Պետծառայություններ»-ի միջոցով, ցանկացած պահի կարող է վերսկսվել։
Ծանուցումներն անտեսելու համար դեռևս միայն տուգանք է սպառնում՝ 500-ից 3000 ռուբլի, բայց ծառայությունից սիստեմատիկ կերպով խուսափելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման՝ մինչև 2 տարի ազատազրկմամբ։
Իրավաբանները ընդգծում են՝ ծառայությունից խուսափող զորակոչիկներին սպառնացող քրեական հոդվածը մոբիլիզացվածների վրա չի տարածվում։ Դեռ անցյալ տարի դատախազությունը բեկանել էր Պենզայի բնակչի նկատմամբ 328-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշումը (նա զորահավաքին մասնակցելու վերաբերյալ ծանուցում էր ստացել, բայց զինկոմիսարիատ չէր ներկայացել)։
Առաջիկայում այս «լծակը» կարող է վերացվել․ պատգամավորներին ոչինչ չի փոխել գործող օրենքը՝ նույնքան արագ, որքան եղավ զինվորական ծառայության ռեֆորմի դեպքում:
Անցյալ աշնանը այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում էր, բայց «Միասնական Ռուսաստան»-ը (Единая Россия) հրաժարվեց աջակցել դրան՝ պատճառաբանելով, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «այն կորցրել է իր արդիականությունը»՝ մասնակի մոբիլիզացիայի «ավարտի» մասին Պուտինի հայտարարություններից հետո։
ով ասես՝ պայմանագրային կդառնա
Օրենսդրական այս փոփոխությունները վերաբերում են նաև պայմանագրայիններին։
Ըստ իրավապաշտպանների՝ իշխանությունների նպատակը մեկն է՝ զանգվածային հավաքագրման հնարավորություն ունենալ։
Չհաստատված տեղեկությունների համաձայն, մինչև տարեվերջ Ռուսաստանի զինված ուժերը պետք է համալրվեն 400 հազար նոր պայմանագրայիններով։ Ըստ նոր օրենքի՝ պայմանագիր կարելի է կնքել ցանկացած քաղաքացու հետ, նույնիսկ եթե նա պահեստազորային չէ և չունի համապատասխան կրթություն։
Օրենքը վերացնում է նաև ժամկետային զինծառայողներին վերաբերող սահմանափակումները. նախկինում նրանք կարող էին պայմանագիր կնքել միայն եռամսյա զինծառայությունից հետո։
Ի վերջո՝ հանձնաժողովի որոշումների բողոքարկման կարգում արված փոփոխությունները հնարավորություն են տալիս զրկել քաղաքացիներին տարկետման կամ զորակոչից ազատվելու իրենց իրավունքները պաշտպանելու արդյունավետ իրավական մեխանիզմներից։