Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը կշարունակի դատական նիստերին մասնակցել հեռավար՝ տեսակապի միջոցով։ Այսպես որոշեց գործով արդեն 3-րդ դատավոր Արամայիս Ասատրյանը։
Չնայած Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) փաստաբանները, դեռ նախորդ դատավորի օրոք հայտարարել էին դատական նիստերին չմասնակցելու մասին։ Երբ նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվել էր և դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգ էր վերադարձել, ՀՔԱՎ ներկայացուցիչները վերսկսել էին մասնակցությունը։
Սակայն 2022 թ․ հոկտեմբերի 24-ի նիստի ժամանակ պարզվեց, որ Ռազմաբազայի ղեկավարությունն ու Ռազգիլդեևը կրկին միջնորդել են նիստերին մասնակցել հեռավար՝ տեսակապի միջոցով։ ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը կրկին իր առարկությունները ներկայացրեց միջնորդության դեմ և վերահաստատեց, որ դատական նիստերին ամբաստանյալի չմասնակցելը ՀՀ օրենսդրության ոտնահարում է։
Ավելին՝ նա նշել էր, որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու համար, այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետևանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։
2022 թ․ նոյեմբերի 16-ին կայացած դատական նիստին դատարանը որոշեց գործի քննությունը սկսել ոչ թե սկզբից, այլ՝ ընդհատման պահից։ Իսկ դա նշանակում է, որ չի քննարկվելու նաև Ռազգիլդեևի միջնորդությունը, և գործը քննվելու է այն կարգով, որով քննել է նախորդ դատավորը։
Սրանով պայմանավորված՝ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը կրկին որոշել են դադարեցնել դատական նիստերին իրենց մասնակցությունը՝ մինչև չվերացվեն այդ խախտումները։ Այս դիրքորոշումը նրանք դատարան են ներկայացրել՝ նշելով, որ շարունակելու են պաշտպանել տուժողի իրավահաջորդի օրինական շահերն ու իրավունքները։