Գյումրիում փողոցի մաքրուհու սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:
Դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել 57-ամյա մի կին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ծեծված կինը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղազարյանն է: Նա որպես աշխատակից գրանցված է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում և իրականացնում է փողոցի մաքրման աշխատանքներ: Գործին կցվել են ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկներից որոշ կադրեր: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է կինը հանգիստ քայլում, երբ նրան է մոտենում երիտասարդը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հուժկու հարվածներ հասցնում հատկապես կնոջ դեմքին:
Դեկտեմբերի 3-ին ռուսաստանցի զինծառայողի կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած փողոց մաքրող կնոջ մասին տեղեկություններն Epress.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Ռոստովում տեղակայված մամուլի ծառայությունը։ «Ոստիկանություն զանգահարեք, իրենք ձեզ ամեն ինչ կպատմեն։ Ռուսաստանյան ԶՈՒ զինվորականը դրա հետ որևէ առնչություն չունի»։ Հարցին՝ ինչո՞ւ է նա համոզված, որ նման բան տեղի չի ունեցել, զրուցակիցն, ով արդեն սկսեց բարձր տոնայնությամբ խոսել, նկատեց, որ նշված տեղեկությունը ԶԼՄ-ների անբարեխիղճ աշխատանքի հետևանք է, որը միտում ունի «սեպ խրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»։