Հայաստանում ամենաշատ քաղբանտարյալներ դատած Մնացական Մարտիրոսյանը (հայտնի է «Մացո» մականունով) նոյեմբերի 21-ին ԲԴԽ-ի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի խոսքով, Մարտիրոսյանի բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություններ են տվել թե՛ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը, թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, թե՛ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն։ Չնայած Մարտիրոսյանը միակն էր, ով արժանացել է փորձագետների բացասական եզրակացությանը, ԲԴԽ-ն հաստատել է նրա թեկնածությունը։
«Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը: Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաև բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին և խաթարվել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ։ Եվ հիմա Մնացական Մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատություն իրականացնի՞: Ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին», – գրել է Իոաննիսյանը։
քաղաքական պատվերների դատավորը
Նախկին քննիչ և դատախազ Մնացական Մարտիրոսյանը՝ «Մացոն», որպես դատավոր հայտնի դարձավ հատկապես «Մարտի 1»-ի բռնաճնշումների շնորհիվ։ Մարտիրոսյանին էր պատվիրակվել ընթերցել քաղբանտարկյալների ամենաաղմկահարույց դատավճիռները։
Նախքան մարտիմեկյան իրադարձությունները, նա աչքի է ընկել նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի գործով։ Քոչարյանի թիկնապահը սրճարանի զուգարանում սպանել էր Պողոսյանին՝ նախագահին «Պրիվետ, Ռոբ» ասելու համար։ Սպանությունը և դրան նախորդող դեպքերը իր աչքով տեսած վկայի ցուցմունքները Մարտիրոսյանը որոշել էր չընթերցել և հաշվի չառնել։ Նախագահի թիկնապահը ազատ էր արձակվել։
Մարտի մեկից հետո դատավոր Մարտիրոսյանին էր վստահվել «7-ի գործը»։ Այն ժամանակ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, երկրապահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը, նաև՝ Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը մեղադրվում էին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Նորանկախ Հայաստանի պատմության ամենասկանդալային դատավարություններից մեկի ընթացքում դատավոր Մարտիրոսյանը սանկցիաներ էր կիրառել փաստաբանների ու մեղադրվող քաղբանտարկյալների նկատմամբ, ակնհայտ կողմնապահ վարք դրսևորել՝ պաշտպանելով իշխանությունների դիրքորոշումը: 2018-ի իշխանափոխությունից հետո այս գործը վերաբացվել էր․ քաղբանտարկյալներից որոշները դիմել էին դատարան՝ պահանջելով արդարացնել իրենց։
Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 1 տարուց ավել ընդհատակում անցկացրած և հոժարակամ դատախազություն ներկայացած՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը: Փաշինյանը մոտավորապես նույն ձեռագրով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանով, չնայած այդ հոդվածով դատախազը Փաշինյանի համար 6 տարի էր պահանջել: Այս տարի Մարդու իրավունքների եվրադատարանը վճռել է, որ այս գործով Հայաստանը խախտել է Փաշինյանի «ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության իրավունքը»։
ՄԻԵԴ համապատասխան որոշում կա նաև նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով․ 2008-ի փետրվարին Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները ավազակային հարձակման էին ենթարկվել 6-րդ վարչության ոստիկանների կողմից՝ Արգավանդի խաչմերուկում։ Վարդան Ջհանգիրյանը հրազենային վիրավորում էր ստացել: Ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվել, փոխարենը՝ Վարդան Ջհանգիրյանին մեղադրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մնացական Մարտիրոսյանը նրան դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման: ՄԻԵԴ-ը հետագայում վճռել է՝ ոստիկանները Ջհանգիրյանին բերման ենթարկելիս ուժ են գործադրել, նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերը բացակայել են: Եվրադատարանի այս որոշումից հետո՝ 2022-ի օգոստոսին, արդարադատության այն ժամանակվա նախարար Կարեն Անդրեասյանի (այժմ նախագահում է Մարտիրոսյանին նոր պաշտոն շնորհած ԲԴԽ-ում) նախաձեռնությամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր նախաձեռնվել։
2012-ին Մարտիրոսյանին էին «վստահել» նաև պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 քաղաքացիների գործը: Դատավարության ընթացքում որոշակի ապացույցներ էին ներկայացվել Կարեն Մեհրաբյանի մասով, ով, ըստ քննիչի, 2011-ին մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել: Մեհրաբյանի պաշտպանը նշում էր, որ գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ Կարեն Մեհրաբյանն ընդամենը զոհ է դարձել հետախույզների դավադրության և իրականում չի իմացել, որ իր կողմից փոխանցված տեղեկատվությունը օգտագործվելու է երկրի դեմ:
Թե ինչ հիմքով են դատապարտվել մյուս երկու մեղադրյալները՝ Աշոտ Չտրկյանը և Ռոմիկ Մաթևոսյանը, առհասարակ պարզ չէ։ Պաշտպանները՝ Հարություն Բաղդասարյանը և Սարգիս Ասլանյանը, դատավարության ողջ ընթացքում ահազանգել են՝ նրանց մեղսակցությունը ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել։ Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, Չտրկյանին ու Մաթևոսյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Վերջին դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում են հայտնվել մեծաթիվ հեռուստաօպերատորներ․ նրանք տեսանկարահանել են՝ առանց համաձայնության, դատավճռի ընթերցումը, ցույց տվել «մեղադրյալների» դեմքերը։ Պաշտպանների բողոքները («ագիտացիայի վարչությունը միայն դատավճիռը ցույց կտա եթերում` ընտրելով ուզած կադրերը և ոչ մի խոսք չեն ասի ամբողջ դատակական պրոցեսից») դատավորը կրկին հաշվի չի առել:
«Մացոն» հայտնի է նաև Շանթ Հարությունյանի («Շանթի հեղափոխությունը»), «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի, «Սասնա ծռերի» և բազմաթիվ այլ՝ քաղաքական աստառ ունեցող գործերով։
2018-ի իշխանափոխությունից հետո նա շարունակել է իր գործունեությունը․ Մնացական Մարտիրոսյանին են վստահվել, օրինակ, ընդդիմադիր դարձած Ավետիք Չալաբյանի դատավարությունը, հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի (մահացել է դատարանի դահլիճում) գործը և այլն։