«Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանը խտրականության զոհ, հալածյալ, խղճի բանտարկյալ և քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ վենդետա են անում։ Այս կարծիքն են հայտնել մի շարք իրավապաշտպաններ այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր Սաֆարյանի գործով Վերաքննիչ դատարան դիմելն անիմաստ է, հարկավոր է հենց հիմա, միանգամից դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – հարցի հետ կապված իր դիտարկումներն է արել քննարկման մասնակից «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա դա հիմնավորել է նրանով, որ Սաֆարյանը խտրականության զոհ է և հետապնդվել է իր հայացքների համար, իսկ Հայաստնում այսօր այս պարագայում բացակայում է իրավական պաշտպանության միջոցը։ Իրավապաշտպանը շեշտել է, որ խտրականության հիմքով ՄԻԵԴ գանգատ հղելով՝ պետք է նշել, որ քանի որ Հայաստանում չկա պաշտպանություն խտրականությունից, արտահայտվելու իրավունք, բացի դրանից խախտվել է արդար դատաքննության իրավունք ու հավասար մրցակցության սկզբունքը, հնարավոր չի արդարությունը վերականգնել ներպետական միջոցներով։
Քննարկման մեկ այլ մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է այն հարցին, որ պետք է դեմ արտահայտվել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, քանի որ իրենց դիրքորոշումը չեն հայտնել Սաֆարյանի գործով։
Իրավապաշտպաններն անդրադարձել են նաև դատաիրավական համակարգի քաղաքականացված վիճակին։
«Հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում դատաիրավական համակարգի մարմինները՝ քննչական ծառայություն, ոստիկանությունն, դատարան, ձևական տարանջատումներ են», – նշել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Իր հերթին, Սաքունցն առաջարկել է բոյկոտել Սաֆարյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատական նիստերը։ Իրավապաշտպանը Մարտիրոսյանին բնորոշել է որպես՝ քաղաքական դատավարությունների համար մասնագիտացված դատավոր։
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը 2016 թվականի հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրել էին ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: Հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է նրան 2 տարվա ազատազրկման։