Home / Տեսանյութեր / Քննիչը թաքցրել է զոհված զինվորի կոշիկները, որ մարդասպանի հետքերը չերևան, վստահ է մայրը

Քննիչը թաքցրել է զոհված զինվորի կոշիկները, որ մարդասպանի հետքերը չերևան, վստահ է մայրը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Մնացական Մարտիրոսյանի, երեկ մերժել է զոհված զինվոր Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի բողոքը իր որդու գործով քննիչ Արմեն Ապրեսյանի դեմ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Նանա Մուրադյանը:

Մարտիրոսյանն ասել է, որ քննիչի գործողությունների մեջ անօրինական ոչինչ չի եղել: Նախագահողը նաև ասել է, որ տուժող կողմը ավելի վաղ կարող էր բողոքել, քանի որ դեպքը տեղի է ունեցել 4 տարի առաջ:

Նշենք, որ ըստ Նանա Մուրադյանի՝ Ապրեսյանը կատարել է քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի խախտում՝ չուսումնասիրելով գործի բոլոր նյութերը: Համաձայն պաշտոնական վարկածի` Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով, և այդ նպատակով նա կանգնել է մետաղյա աթոռի վրա, բայց քննության չեն ենթարկվել ոչ աթոռը, ոչ Մուրադյանի հագին եղած զինվորական կոշիկները:

Զինվորի մայրը նկատել է, որ ինքն ավելի վաղ չէր կարող իմանալ քննիչի անօրինությունների մասին, քանի որ իրեն չէին տրամադրվում քրեական գործի նյութերը: Մասնավորապես, որդու հագուստը տեսնելու հնարավորություն Մուրադյանն ունեցել է միայն, երբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է զոհվածների ծնողներին: «Դրանից հետո է միայն ինձ տրամադրվել որդուս հագուստը, և ես տեսել եմ, որ որդուս զինվորական կոշիկները չկան: Չնայած բազմիցս դիմել եմ, ինձ իրերը տեսնել թույլ չէին տալիս»,- ասել է Նանա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ քննիչը կոշիկները թաքցրել է դիտավորությամբ: «Եթե իմ տղան ինքնասպան է եղել, ապա նրա մատնահետքերը և կոշիկների հետքերը պետք է լինեն աթոռի վրա: Չի ստուգել, որովհետև դրա վրա մարդասպանի հետքերն են եղել», – դատարանում ասել է Նանա Մուրադյանը: