Home / Հայաստան / Դատավորին դատարանի շենքից բերման են ենթարկել ԱԱԾ․ «ՀԺ»

Դատավորին դատարանի շենքից բերման են ենթարկել ԱԱԾ․ «ՀԺ»

Երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Մինչ բերման ենթարկելը նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում:

«Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել հոկտեմբերի 2-ին: Լոռու մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երևան և գտնվում էր Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում»,–գրում է թերթը՝ հավելելով, որ ԱԱԾ֊ում դատավորի փաստաբանին թույլ չեն տվել շենք մտնել։