Home / Բանտ / Արարատ Խանդոյանի գործով դատավորը իրականում երկրորդ մեղադրողն է․ փաստաբան

Արարատ Խանդոյանի գործով դատավորը իրականում երկրորդ մեղադրողն է․ փաստաբան

Արարատ Խանդոյանին հանրային պաշտպան տրամադրելը բացահայտ պաշտպանական իրավունքի խախտում է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ տեղեկացնելով, որ ինքն արդեն խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։

Ղարագյոզյանը 2 շաբաթ առաջ կայացած նիստի ժամանակ լքել էր նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացրել էր դատարանից իր պաշտպանյալին։ Դատավորը որոշում էր կայացրել զրկել Ղարագյոզյանին պաշտպանական իրավունքից և հանրային պաշտպան ներգրավել։

«Թեև Մարդու իրավունքների պաշտպանը չի միջամտում դատական գործերին, բայց այս դեպքում արդեն մարդու իրավունքների խախտում է, ինչպես նաև փաստաբանական գործունեության խոչընդոտում։ Մենք նաև խնդրել ենք, որ Խանդոյանի հաջորդ դատական նիստին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչ գա և արձանագրի դատարանում տեղի ունեցող անօրինականությունները»,- նշել է պաշտպանը։

Փաստաբանը տեղեկացրել է, որ ինքը «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության հետ քննարկում է միջազգային կառույցներին և դեսպանատներին դիմելու հարցը։

Անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողություններին՝ Ղարագյոզյանն ընդգծել է, որ դատավորը հենց սկզբից ցույց է տվել իր բացահայտ կողմանակալությունը․ «Դատարանում կա երկու մեղադրող՝ մեկը դատախազ Հայկ Պետրոսյանն է, իսկ մյուսը դատավոր Մնացական Մարտիրոսյանն է։ Ինքն ակնհայտ ցույց է տալիս, որ այդ մեղադրանքը պաշտպանում է, ոչ թե անկախ դատարան է, որն արդար դատաքննություն է իրականացնում»։

Փաստաբանը համոզված է, որ Մարտիրոսյանին նշանակելը պատահական չէ, որովհետև բոլոր քաղաքական հետապնդումների գործերը քննում է հենց նա․ «Այստեղ միտում կա, որ բոլոր քաղբանտարկյալները Հայաստանում պետք է դատապարտվեն Մնացական Մարտիրոսյանի կողմից»։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիս 18-ին։

Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Նրա հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ Արայիկ Խանդոյանի բարեկամն է։