Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցուցարարներից մաքրեց Խորենացի փողոցը

Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցուցարարներից մաքրեց Խորենացի փողոցը

Հուլիսի 21-ին վաղ առավոտյան 03:40-ի սահմաններում ոստիկանական ուժերը ցուցարարներից մաքրել են Խորենացի փողոցը: Ոստիկանությունը ուժ է կիրառել՝ բերման ենթարկելով տասնյակ մարդկանց: Ոստիկանները մաքրել են նաև Տիգրան Մեծ պողոտան, որտեղ ցուցարարների մի մասը փորձել էր բարիկադներ կառուցել: Գործողության պահին Խորենացու վրա մոտ 100-150 մարդ կար, Տիգրան Մեծի վրա՝ մոտ 30:

Epress.am-ը կապ հաստատեց ոստիկանական բաժանմունքներում գտնվող մի քանի քաղաքացիների հետ: Նրանք նշում էին, որ 07:30-ի դրությամբ մարդկանց սկսել են բաց թողնել ոստիկանությունից: 

Նշենք, որ երեկ երեկոյան Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից հետո մարդիկ վերադարձել էին տարածք և շարունակել հավաքը: Նրանք պահանջում էին, որպեսզի ոստիկանական ուժերը զինված հարձակում չգործեն հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբի անդամների վրա: Բախումների հետևանքով մի քանի տասնյակ վիրավորներ են եղել թե՛ ոստիկանների, թե՛ քաղաքացիների շարքում:

Այս պահին Խորենացի փողոցում մաքրման աշխատանքներ են իրականացվում, մեքենաները ջրում են տարածքը: Ոստիկաններն առավոտյան քնել էին անմիջապես գետնին:

khorenatsipolice