Հատուկ քննչական ծառայությունն ամռանը հրաժարվել էր քրեական գործ հարուցել ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանի աշխատանքը խոչընդոտելու մասին հաղորդման հիման վրա։ Մազմանյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այս առթիվ դիմել է դատարան՝ վիճարկելով ՀՔԾ և Դատախազության անգործությունը և հաղթել է դատարանում։
Մազմանյանը հունիսի 25-ին՝ Հռոմի Պապի Հայաստան այցի օրը, ցանկացել է լուսաբանել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության բողոքի ակցիան։ Ճանապարհին՝ Սայաթ֊Նովա պողոտայում, նրան կանգնեցրել է քաղաքացիական հագուստով երկու անձ, ներկայացել որպես ոստիկան և տարել նրան ոստիկանության բաժին։
«Համազգեստով չեն եղել, չեն ունեցել բերման ենթարկելու մասին որոշում։ Տիգրանն ասել է, որ լրագրող է, ցույց է տվել իր վկայականը։ Երեք ժամ պահել են բաժնում, բաց են թողել»,֊ ասել է փաստաբանը։
Իր լրագրողական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ դեպքի առթիվ լրագրողը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն։
«ՀՔԾ֊ն մեր հաղորդումն ուղարկել է Ներքին անվտանգության վարչություն, որը ոստիկանական կարգապահական մարմին է։ ՀՔԾ֊ն պարտավոր էր ընթացք տալ, կամ քրեական գործ հարուցել կամ կարճել։ ՀՔԾ֊ի և Դատախազության անգործությունն էինք բողոքարկել դատարանում, և դատարանը բավարարեց»,֊ ասել է Ղարագյոզյանը։
Այժմ այդ մարմինները պարտավոր են ընթացք տալ Մազմանյանի գործին։