Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի ընթացքում Երևանում և Գյումրիում շաբաթ օրը՝ հունիսի 25-ին, ձերբակալվել են շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ։ Ֆիզիկական բռնություն գործադրելով և հարվածներ հասցնելով՝ նրանց տարել են ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը։
Հայտարարության մեջ նշված է, որ Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքում և Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվող միջոցառումների ժամանակ նախաձեռնությունը առաջարկել էր ցուցապաստառներով ֆլեշմոբ անցկացնել, որը նպատակ ուներ Հռոմի Պապին տեղեկացնել Հայաստանում առկա 14 քաղբանտարկյալների մասին։
Ըստ նախաձեռնության հաղորդագրության, տեղեկանալով ֆլեշմոբի մասին, ոստիկանությունը հերթապահել է «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի մուտքի մոտ և բերման է ենթարկել բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել գրասենյակի շենքից։
«Ոստիկանությունն իրեն, ըստ էության, օրենքից դուրս հայտարարելով և քողարկվելով Պապի այցելության ընթացքում հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն անցկացնելու հանգամանքով՝ զանգվածաբար խախտել է հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը», – ընդգծել են հայտարարության հեղինակները։
«Հիմնադիր խորհրդարանը» ոստիկանության նման գործելաոճը որակել է որպես «քրեական հանցագործություն» և շեշտել է, որ ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցները քաղաքական նպատակներով են հալածանքի ենթարկվել։
Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նշված ֆլեշմոբը գնահատել է որպես «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպել և անցկացնել»։ Իրավապահները նշում են, որ բերման են ենթարկվել 6 անձինք:
Նշենք, որ նույն օրը Գյումրիում առանց որևէ հիմքի բերման է ենթարկվել Շահեն Հարությունյանը՝ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին։
Ոստիկանությունը ավելի ուշ հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանի դեպքի մասին․ «Ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս․․․Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը՝ ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա»:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը Հարությունյանի ձերբակալությունը որակել է որպես առևանգում և դատապարտել է ոստիկանության գործողությունները։
«ՀՀ ոստիկանությունը, իրեն դնելով օրենքից դուրս, հանդես է եկել որպես կազմակերպված բանդիտական խմբավորում, որը օրը ցերեկով առևանգում է ՀՀ քաղաքացուն՝ թույլ չտալով նրան իրականացնել իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը», – նշված է կազմակերպության հայտարարության մեջ։