Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արարատ Խանդոյանին տեղափոխել են կոտրված ապակիներով պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ են։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խանդոյանին նման պայմաններով պատժախուց են տանում։
Նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը հրապարակել է Խանդոյանի նամակը բանտից․ «․․․«Նուբարաշեն» ՔՀԿ-ի վարչակազմն ինձ տեղափոխել է պատժախուց, որի պայմանները անմարդկային են, պատժախցի պատուհանի ապակիները կոտրված են, խուցը խոնավ է, և ցուրտը սողոսկում է խուց․․․ Ես գտնվում եմ բուժման կուրսում և դեռ չեմ ապաքինվել և ներկայումս վատառողջ եմ, և նման պայմաններում ինձ պահելը անմարդկային վերբերմունք է, քանի որ իմ կյանքին և առողջությանը կարող է վտանգ հանդիսանալ։ Ինձ չեն տրամադրել սանիտարահիգիենիկ պարագաներ և առաջին օգտագործման իրեր»։
Epress.am-ի հետ զրույցում Ղարագյոզյանն ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են Խանդոյանին տեղափոխել պատժախուց։ Այդ հարցով այսօր փաստաբանը դիմել է ՔԿՀ-ի վարչության պետ Արթուր Օսիկյանին, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ՄԻՊ)։ ՄԻՊ-ից խոստացել են այսօր այցելել Խանդոյանին։
Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել էին Խանդոյանի խուց, որից հետո հայտարարել են, որ նրա խցի պատուհանը կոտրված է և կոտրված հատվածը Խանդոյանը բարձով է փակել:ՄԻՊ-ի ներկայացուցիչների կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո միայն Խանդոյանի խցի պատուհանը փոխել են և տարածքը սկսել ջեռուցել։
2017 թվականի հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ներկայացուցիչ Հայկ Քոչինյանը և Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանը հերքել են, որ Խանդոյանին նման խուց են տեղափոխել։
Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։ Նրա հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ Արայիկ Խանդոյանի բարեկամն է։