«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին խոշտանգում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ նրան պահելով նվազագույն պայմաններից զուրկ խցում։
Այս մասին այսօր հայտարարել է Պետրոսյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանը դիմում֊բողոք է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և Քրեակատարողական վարչություն, որում նշել է, որ փետրվարի 16-ից 20-ը հայտարարած հացադուլից հետո Աշոտ Պետրոսյանին տեղափոխել են մի խուց, որը զուրկ է տարրական պայմաններից։
«Խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում չափազանց ցուրտ է եղել: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա [փետրվարի 21-ի] ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ՝ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները «համահունչ են» վերը ներկայացված պայմաններին»,- ասված է Արայիկ Պապիկյանի հրապարակած դիմում֊բողոքի մեջ:
Պաշտպանը նշել է, որ այս գործողությունների մեջ ինքն իր պաշտպանյալին խոշտանգելու միտում է տեսնում և պահանջել հրատապ միջոցներ ձեռնարկել Աշոտ Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը վերացնելու և կալանավորված անձի համար օրենքով սահմանված բոլոր պայմաններն ապահովելու համար։
Աշոտ Պետրոսյանը փետրվարի 16-20-ը հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի։
Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով արդեն մոտ մեկ շաբաթ հացադուլ է հայտարարել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը։
Epress.am-ի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել է, որ երեկ է հանդիպել Խանդոյանին և վերջինս չի բողոքել իր ինքնազգացողությունից, միայն ճնշումն է բարձր եղել, իսկ երիկամի ցավերի ու գլխացավերի վերաբերյալ ասել է, որ դա իր համար արդեն նորմալ է։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլով է արձագանքել իրեն երկրորդ անգամ կալանավորելու Հատուկ քննչական ծառայության որոշմանը։ Նա հացադուլի մեջ է կալանավորման օրվանից՝ փետրվարի 9-ից։ Ի համերաշխություն Սարգսյանի բողոքի ակցիա է անցկացվել նաև բանտից դուրս։ Երևանում փետրվարի 14֊ին բողոքի երթ է կազմակերպվել։ Դրա մասնակիցները մտահոգված են, որ հացադուլը շատ վտանգավոր կարող է լինել Արթուր Սարգսյանի առողջության համար, քանի որ վերջինս արդեն իսկ տառապում է ծանր հիվանդություններով, և դրանց հիմքով էլ ստորագրությամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին շուրջ 5 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո։