հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ծանր հիվանդ կալանավորից խլել են սայլակն ու դեղորայքը

Ծանր հիվանդ կալանավորից խլել են սայլակն ու դեղորայքը

«Արմավիր» ՔԿՀ-ի հիվանդ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հունվարի 20-ից գտնվում է հացադուլի մեջ: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է դատապարտյալի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հելսինկյան ասոցիացիա»-ի իրավապաշտպան Արման Վեզիրյանը։

Նրա խոսքով՝ հացադուլի պատճառը այն է, որ «Նուբարաշեն»-ում, որտեղ մինչ այդ գտնվում էր Գևորգյանը, վերցրել են սայլակը, որով դատապարտյալը տեղաշարժվում էր։ Բացի դրանից, ինչպես Գևորգյանը փոխանցել է իրավաշտպանին, նրանից խլել են նաև այն բոլոր դեղերը, որոնք անհրաժեշտ են եղել իր բուժման համար։ Իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում որևէ տեսակի դեղորայք չեն տրամադրել դատապարտյալին։

«Արմավիր» ՔԿՀ-ում Գևորգյանին մենախուց են տեղափոխել, որտեղ ցուրտ պայմաններ են։ Իրավապաշտպանի խոսքով՝ Գևորգյանը հենաշարժողական խնդիրներ ունի և նրան չէր կարելի մենախուց տանել։

Դատապարտյալը հացադուլ հայտարարելու դիմում է ներկայացրել ՔԿՀ-ի վարչությանը, սակայն այդ դիմումը, Վեզիրյանի փոխանցմամբ, ՔԿՀ-ի աշխատակիցները չեն ընդունել։

Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Մի քանի անգամ կալանավորը հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իրեն զրկում են համապատասխան բժշկական օգնությունից։ Գևորգյանը պնդում է, որ իր գործի քննության ընթացքում իրեն սպառնացել է բարձրաստիճան ոստիկան Արթուր Գևորգյանը։ Կալանավորը նաև բաց նամակ էր հրապարակել բանտային բարքերի մասին։