«Սասնա ծռեր» խմբի աջակից, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, Hetq.am֊ի հետ զրույցում ահազանգել է, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան, որդին դուրս է եկել տանից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը, որը բանտից ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, փետրվարի 9-ին կրկին կալանավորվել է։
Տիկին Դոնարան պատմել է Hetq.am֊ին, որ Արթուրի ձերբակալման օրը բոլորով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել և հետ է վերադարձել Երևան: Այդ ամենի մասին պատմել է տիկին Դոնարային, նրան է հանձնել հեռախոսը և ասել, որ գնում է:
Այդ օրվանից մայրը որդուց լուր չունի: Կասկածում է, որ տղային ևս հետևել են, ձերբակալել են կամ էլ թաքնվել է՝ վախենալով հետապնդումից:
«Մենք այս պետությանը թշնամի չենք, ապրել ենք մարդավարի, մարդկանց օգնող, հասնող, իսկ հիմա ստացվում է այնպես, որ իմ մի որդին բանտում է՝ հացադուլի մեջ, իսկ մյուս տղաս էլ՝ չգիտեմ, թե որտեղ է: Թող իմ Արսենին բերեն հետ, ինչու պիտի վախեցած լիներ, ուրեմն մի բան տեսել կամ զգացել է»,- ասել է նա:
Կայքը հիշեցնում է, որ Արթուր Սարգսյանի ձերբակալման օրը ՀՔԾ-ի շենքի մոտ Արսենը նշել էր, որ վախեցած և տագնապած է, և գուցե եղբոր ձերբակալությունից հետո հերթն իրենն է:
«Անհանգիստ եմ, չեմ քնում, փողոցներն եմ թափառում, ինչքան ծանոթ մարդ կա՝ հարցնում եմ, ոչ մեկ Արսենիս չի տեսել: Ի՞նչ են ուզում իմ ընտանիքից: Ես վախենում եմ, եթե եկել են տուն, հնարավոր է՝ մի բան տեղադրած լինեն՝ զենք կամ թմրանյութ, որպեսզի Արսենին տանելու հիմք ունենան: Սա իմ ընտանիքի հանդեպ հետապնդում է»,- ասել է Սարգսյան եղբայրների մայրը:
Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկներին. ըստ մեղադրանքի, նա «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։