Աշոտ Պետրոսյանից հետո կալանավայրում հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արայիկ Խանդոյանը։ Երկուսն էլ այդ քայլով իրենց համերաշխությունն են հայտնում «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի։ Խանդոյանի հացադուլի մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։
«Նրանք (Պետրոսյանն ու Խանդոյանը) սոլիդարություն են հայտնում Արթուր Սարգսյանին, և պահանջում են վերջինիս նկատմամբ կալանավորումը դադարեցնել», ֊ ասել է Պապիկյանը։
Հացադուլ հայտարարելուց հետո Արայիկ Խանդոյանն առանձնացվել է մի խցում, Պետրոսյանը գտնվում է մեկ ուրիշ խցում այլ հացադուլավորների հետ։ Թեև Պապիկյան ավելի վաղ Պետրոսյանի համար պահանջել էր ավելի լավ պայմաններով խուց, այդ հարցին բանտի ղեկավարությունը դեռ չի անդրադառնում։
Փաստաբանը նշել է, որ թեև երկուսն էլ հուլիսին հրազենային վնասվածքներ էին ստացել և մինչև վերջերս գտնվում էին «Դատապարտյալների հիվանդանոցում», հացադուլի, համապատասխանաբար, 3 և 4֊րդ օրը հատուկ առողջական գանգատներ չունեն։
Հիշեցնենք, որ հաց բերողը հացադուլով է արձագանքել իրեն երկրորդ անգամ կալանավորելու Հատուկ քննչական ծառայության որոշմանը։ Նա հացադուլի մեջ է կալանավորման օրվանից՝ փետրվարի 9-ից։ Ի համերաշխություն Սարգսյանի բողոքի ակցիա է անցկացվել նաև բանտից դուրս։ Երևանում փետրվարի 14֊ին բողոքի երթ է կազմակերպվել։ Դրա մասնակիցները մտահոգված են, որ հացադուլը շատ վտանգավոր կարող է լինել Արթուր Սարգսյանի առողջության համար, քանի որ վերջինս արդեն տառապում է ծանր հիվանդություններով, և դրանց հիմքով էլ ստորագրությամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին շուրջ 5 ամիս կալանավայրում լինելուց հետո։