«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը երեկ հացադուլ է հայտարարել։ Պետրոսյանը դա արել է ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի։
Epress.am-ի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան, Հելսինկայն ասոցացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել է, որ երեկ Աշոտ Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ից տեղափոխել են «Նուբարաշեն»։ Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժվում էր հուլիսին ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո։
«Այս պահին Աշոտ Պետրոսյանը մի քանի հացադուլավորների հետ մեկ խցում է պահվում, սակայն այնտեղ բավարար պայմաններ չկան, և մենք պահանջելու ենք, որ, իր առողջական վիճակից ելնելով, նրան տեղափոխեն բավարար պայմաններով խուց։ Իսկ եթե չտեղափոխեն, մենք բոլոր մարմիններին բողոքներ կներկայացնենք»,- ասել է Պապիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչ ազդեցութուն կարող է ունենալ այս հացադուլը առողջական խնդիրներ ունեցող Աշոտ Պետրոսյանի վրա։