հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սասնա ծռերի» անդամը մաշկային լուրջ հիվանդություն ունի․ նրան օգնություն չեն ցուցաբերում․ փաստաբան

«Սասնա ծռերի» անդամը մաշկային լուրջ հիվանդություն ունի․ նրան օգնություն չեն ցուցաբերում․ փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Նա պատմել է, որ 2016 թվականի օգոստոսին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո Սողոմոնյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, ինչի հետևանքով նրա դեմքին և գլխին թարախաբշտիկներ են առաջանում։ Այժմ նա ուժեղ գլխացավեր ունի, նրա մոտ մազաթափություն է սկսել։

Շուշանյանը նշել է, որ հիվանդության առաջացումից ի վեր Սողոմոնյանը բուժօգնություն է պահանջել, սակայն մինչև այսօր նրան պատշաճ կերպով չեն օգնել։

«Խնդրի մասին ինքն ինձ տեղեկացրել է նոյեմբերի վերջին, որից հետո ես դիմում եմ ներկայացրել ՔԿՀ պետին ու պահանջել բուժօգնություն ցուցաբերել ու ինձ տրամադրել բժշկական քարտի պատճենը։ Այդ քարտից երևում է, որ օգոստոսի12-ին Սողոմոնյանի մոտ արդեն ախտորոշվել է ֆուրոնկուլյոզ մաշկային հիվանդությունը։ Բայց միայն նոյեմբերին՝ մեր դիմելուց հետո, ՔԿՀ-ում նրան այցելել է մաշկաբանը և առաջարկել է հակաբիոտիկ ներարկել, ինչից սկզբում Սողոմոնյանը հրաժարվել է՝ ասելով, որ չի վստահում ո՛չ բուժանձնակազմին, ո՛չ էլ նրանց նշանակած բուժմանը։ Նա նշել է, որ միայն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո կընդունի այդ դեղերը»,- ասել է Շուշանյանը։

Մասնագետները Շուշանյանի հետ զրույցում հայտնել են, որ այդ հիվանդության համար պետք է շտապ հետազոտություն անցկացնել և լաբորատոր պայմաններում պարզել, թե որ հակաբիոտիկներն են այդ բակտերիայի վրա ազդում, որից հետո միայն կարելի է դրանք նշանակել։

«Մենք մի քանի անգամ պահանջել ենք անցկացնել այդ հետազոտությունը։ Մինչ դա, մասնագետի թույլտվությամբ խորհուրդ տվեցի, որ ընդունի հակաբիոտիկները։ 5 օր շարունակ նրան օրը 2 ասեղ ներարկում են արել, որից ոչ մի օգուտ չի եղել։ Իսկ վերջին շրջանում նրա վիճակն ավելի է վատացել ու մի քանի օր առաջ թարախային բշտիկներից մեկը դնչի հատվածում մեծացել ու պայթել է, միջից թարախ ու արյուն է եկել, բայց անգամ այդ դեպքում նրան բուժօգնություն չեն ցուցաբերել»,- ասել է Շուշանյանը։

Փաստաբանի խոսքով՝ նման վիճակը կարող է ծանր հետևանքների հանգեցնել և արյան վարակի պատճառ դառնալ։

Նշենք, որ Armtimes.com-ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասել էր, որ Սողոմոնյանի վիճակը գնահատվում է բավարար և Սողոմոնյանն ինքն է հրաժարվել բուժօգնությունից։

Փաստաբանը Epress.am֊ին ասել է, որ Ղլեչյանի ասածը ապատեղեկատվություն է․ Սողոմոնյանը միայն մեկ անգամ է հրաժարվել բուժօգնությունց, որը պատճառաբանված է եղել ու մասնագետի հետ խորհրդակցելուց հետո ստացել է առաջարկվող ներարկումները․ «Փաստը նա է, որ 5 օր հակաբիոտիկ ներարկելուց բացի, նրան ոչ մի բուժօգնություն չի ցուցաբերվել»։