Ամանորի գիշերը Ազատության հրապարակում, ըստ պաշտոնական մեղադրանքի, ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառած «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործով որպես վկաներ ընդգրկվել են միայն ոստիկանության 10 և մոտակա ստորգետնյա կանգառի 3 աշխատակիցներ։ Մինչդեռ միջադեպի պահին Ազատության հրապարակում տասնյակ այլ մարդիկ են եղել, ովքեր պնդել են, որ Սաֆարյանի և նրա ընկերների նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանները։ Այս մասին Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Նա միջնորդել է որպես վկաներ ընդգրկել նաև դեպքի օրը Ազատության հրապարակում եղած «Հիմնադիր խորհրդարանի» 13 անդամների։ Վերջիններիս մի մասը գործի շրջանակում հարցաքննվել է, բայց նրանց որպես վկա գործում չեն ընդգրկել։ Չնայած մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի առարկությանը, համաձայն որի այդ 13 անձանցից ոմանք հարցաքննվել են և գործի համար ոչ էական փաստեր են ներկայացրել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը։
Վկաներին գործում չընդգրկելու խնդրին անդրադարձել է նաև Սաֆարյանը․ «Դրանով դատախազը փորձել է ֆիլտրել այն բոլոր մյուս վկաներին, որոնք իմ օգտին վկայություն են տվել․․․ Փորձում են գործ սարքել։ Սա քաղաքական գործ է»։
Դատարանի դահլիճում մեղադրյալը նաև նշել է, որ ինքն առհասարակ չի հասկանում մեղադրանքը և իրեն էլ մեղավոր չի համարում։
Հայրապետյանը միջնորդել է նաև նախ հետազոտել միջադեպի տեսանյութը, ապա անցնել վկաների հարցաքննության փուլին։
«Երբ տեսանյութը ուսումնասիրվի, դատարանի համար էլ հասկանալի կլինի, որ մեղադրանքը արհեստածին է․․․ Երբ հայտնվեց տեսանյութը, քննչական մարմինը սկսեց հարմարեցնել բոլոր վկաների ցուցմունքները այդ տեսանյութին», – ասել է պաշտպանը։
Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի հաջորդ նիստին դահլիճ տեխնիկական միջոցներ բերվեն տեսանյութը դիտելու համար։
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը):