Home / Դատարան / «Ամբաստանյալ» փաստաբանը․ Պատվեր կատարող դատավորը շարունակում է «Սասնա ծռերի» դատը ֆարսի վերածել

«Ամբաստանյալ» փաստաբանը․ Պատվեր կատարող դատավորը շարունակում է «Սասնա ծռերի» դատը ֆարսի վերածել

«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան» արտահայտությունը, որով «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմեց փաստաբան Լուսինե Սահակյանին, առաջացրեց Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ներկաների բուռն ծիծաղը։ Ծիծաղում էին բոլորը՝ «Սասնա ծռերի» աջակիցները, լրագրողները, կարգադրիչները և ոստիկանները։ Դահլիճը դեռ չէր հասցրել հանդարտվել, երբ Գաբրիելյանը Սահակյանին խոստացավ «խափանման…ըըը»… «Միջո՞ց կիրառել», դատավորի փոխարեն ավարտեց Սահակյանը։ Այդպես էլ՝ ծիծաղի և ժպիտների ներքո ակնհայտորեն ջղաձգված Գաբրիելյանը հետաձգեց դատական նիստը, որպեսզի ընդմիջումից հետո դատական սանկցիա, կամ, ինչպես դատավորն է պատկերացնում, խափանման ձևեր կիրառի Սահակյանի նկատմամբ։

Արտուշ Գաբրիելյան

Դատավորի նման պահվածքը սովորական է ներկաների համար, չնայած այսօր՝ «Սասնա ծռերի» 18 անդամների դատական նիստի ժամանակ նա անգամ ինքն իրեն գերազանցեց։ Դեռ նիստը չսկսած, բոլորը գիտեին առնվազն դրա մեկնարկի սցենարը։ «Հիմա կգա, մի երկու բան կխոսա, հետո ներվայնացած կհետաձգի», ֊ նիստից առաջ կանխատեսում էր դահլիճում ներկաներից մեկը։ Դատարանում ամեն ինչ սովորականի նման էր՝ ներս մտնող «Սասնա ծռերի» անդամներին բարձր ողջունում էին, իսկ Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին այսօր դիմավորեցին առանձնակի ջերմությամբ՝ նրա ծննդյան օրն էր։ Դատավորը, իր հերթին, արեց այն, ինչ կանխատեսվում էր՝ շարունակելով արդեն շաբաթներ ընթացող, իր կողմից կազմակերպված ֆարսը։ Ակնհայտ է, որ Գաբրիելյանը չունի քաղաքական դատավարությունների այն փորձը, որն ունի քաղաքական դատավճիռների «վարպետ» Մնացական Մարտիրոսյանը։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ Գաբրիելյանը կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը։ Դա, իհարկե, այդպես է, սակայն դատավորը դա անում է «հատուկ հմտությամբ»՝ վերջնականապես խեղկատակի վերածելով Հայաստանում վաղուց վարկաբեկված արդարադատության համակարգը։ Նույնը մի քանի օր առաջ Ազգային ժողովում արեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը, «նեղվել» էր պատգամավորներից, քանի որ վերջիններս իրենից չէին պահանջել «մեր երկրի համար բացառիկ հանցանք կատարած, շուրջ 15 օր երկրի անդորրը խաթարած զինված խմբի անդամների արդարացի պատիժն ապահովել»։ Դրանով իսկ Դավթյանը հրապարակայնորեն խախտեց «Սասնա ծռերի» խմբի անդամների անմեղության կանխավարկածը։

Ա․Մ․